Monday, June 20, 2016

Սեֆիլյանի ձերբակալությանը սպասում էին շատերը, բայց կարծես թե քչերն են դժգոհ

Որ Սեֆիլյանը կրակի հետ է խաղում, հասկանում էին բոլորը ու հատկապես վերջին երկու ամսում նա ոչ թե պարզապես կրակի հետ էր խաղում, այլ անցնում էր այն կարմիր գծերը, որոնք անցնել պետք չէր։ Ուստի, բնականոն եմ համարում, որ մարդկանց համար ձերբակալության փաստը՝ որպես այդպիսին, ականկալ չէր։ Այն առումով, որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղ թե ուշ դա լինելու է։ Սակայն ու
ագրավն այն է, որ կարծես թե համացանցում ընդվզման ալիքը շատ փոքր է այս փաստի առնչությամբ և հիմնականում աղաղակում են կամ Սեֆիլյանի գաղափարակիցներն ու մտերիմները, կամ էլ նրանք, ովքեր հույս ունի այդ կերպ դիվիդենտներ շահել Սեֆիլյանի գաղափարակիցների ու մտերիմների ճամբարում (Օրինակ՝ Փոստանջյան Զառան)։

Իսկ իրականում, միանգամայն խելքին մոտ եմ համարում այն տարբերակը, որ Սեֆիլյանին իրոք բռնել են բաների համար, որոնց համար կարելի է և պետք է բռնել, լինի դա Սեֆիլյան, թե մայր Թերեզա։ Այն, որ Սեֆիլյանն ու իր մարգինալները խառնակիչներ են և երբեք էլ զերծ չեն մնացել սադրանքներ կազմակերպելուց, ամենևին նորություն չէր։ Ասեմ ավելին, եթե բավարար քանակով զենք ու զինամթերք ունենային, ապա վաղուց զինված սադրանք կազմակերպած կլինեին, բայց թե նրանք այնքան հիմար չեն, որքան փորձում են թվալ ու լավ հասկանում են, որ ամբողջ կյանքը բերդում չփտելու համար, նման սադրանքը իրև տեղն ու ժամանակն ունի։

Քննարկենք այսպիսի մի սցենար․ դիցուք՝ Սեֆիլյանը որոշում է, կամ էլ հրահանգ է ստանում, որ պետք է մաքսիմալ օգտվել պոտեցիալ պատերազմից, որպեսզի իրականացնել խոշոր ակցիա՝ գուցե մարդկային զոհերով, բայց անպայման մեծ ռեզոնանսով։ Չեմ բացառում, որ ակցիայի էությունը պետք է կայանար նրանում, որ Սեֆիլյանի վկաները գրավելու էին հեռուստաաշտարակը այնպիսի մի պահի, երբ մարտական գործողությունները վերսկսված կլինեին ու էլի տասնյակ զոհերի մարմիններ կսկսեին գալ Երևան։ Այդ ժամանակ, հայտնվում է սուրբ ամենափրկիչ Սեֆիլը, գրավում է հեռուստաաշտարակը, մեղադրում է ամենում իշխանություններին, ինչպես դա մինչ այս է արել և կոչ է անու, գալ ու միանալ հեղաշրջամանը; Առավել քան վստահ եմ, որ անգամ այս սցենարում ամեն ինչի իդեալական ընթանալը մինչև այս կետը, միևնույն է, Սեֆիլյանին  շանս չէր տալու։ Պարզապես մարդիկ էին տուժելու, ինչ որ մի գաճաճ ու բարդութավորված մեկի ամբիցիաների համար։ Էլ չասեմ, թե մնացած առումներով սա ինչ խայտառակ ու հեռու գնացող վնասներով քայլ կարող էր լինել։

Այնպես որ, մի կեցցե ԱԱԾ-ն։ Սա էլ արդեն երկրորդ անգամն է, որ մարդիկ պրոֆեսիոնալ են գործում։ Սեֆիլյանին էլ փակի տակ պետք է պահել այնքան ժամանակ, մինչև խելքի չգա, եթե իհարկե կարող է դեռ գալ։ 

Thursday, May 19, 2016

Ինչպես է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ուսուցիչներից ապահովագրության գումար պահում ու չի կատարում իր պարտականությունները

Մի քանի տարի առաջ մենք էլ սկսեցինք քայլել քաղաքակիրթ աշխարհին համահունչ: Հայաստանում ներմուծվեծ Ապպայի պարտադիր համակարգը, ինչը նաև իր մեջ ներառում էր ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքում բժշկական ծախսերի փոխհատուցումը, ինչն իր մեջ մի շարք խնդիրների լուծում էր ենթադրում: Այսօր ուզում եմ ձեզ պատմել ինձ ծանոթ ուսուցչուհիներից մեկի հետ կատարվածի մասին: Դպրոցը, որտեղ աշխատում է իմ ծանոթ ուսուցչուհին համագործակցում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ: Ընկերությունը ծանոթ-բարեկամ ինստիտուտի միջոցով դպրոցներին պարտադրում է համագործակցել իր հետ: Ու ամեն ամիս ուսուցիչների աշխատավարձերից 500 դրամ պահում է արվում, որ որևէ հիվանդության կամ դժբախտ պատահարի ժամանակ ընկերությունը հոգա բուժման ծախսերը: Մուծող կողմը չի դժգոհում և ամեն ամիս բարեխիղճ կատարում է իր պարտավորությունները: Իսկ երբ հերթը հասնում է փոխհատուցելուն, սկսվում է խնդիրների շղթան:
Վերջերս իմ ծանոթ ուսուչցուհին ավտովթարի ենթարկվեց: Ապպա պայմանագրով՝ որպես տուժող կողմ, ուսուցչուհիս ստացել է համապատասխան հիվանդանոցային բուժման ծախսերը: Այդ ծախսերը փոխհատուցվել են պարտադիր ապահովագրական պայմանագրի համապատասխան կետով: Չմոռանանք այն մասին, որ ուսուչուհին նաև ուներ նաև կամավոր՝ «Դժբախտ պատահարներից ապահովագրության» պայմանագիր, ինչը իր մեջ ներառում է առանձին փոխհատուցում դժբախտ պատահարների դեպքում: Համապատասխան փաստաթղթեր (էպիկրիզ, ոստիկանությունից համապատասխան թուղթ դժբախտ պատահարի մասին) ներկայացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր էր փոխհատուցել համապատասխան պայմանագրով նախատեսված գումար, բայց ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, ամեն անգամ մի պատրվակով հետաձգում է գումարի փոխանցումը: Դա այնքան էլ մեծ գումար չէ`  բուլետենային ամեն օրվա համար 600 դրամ: չարժի դրա համար այս խեղճ կնոջը այդքան քաշքշուկի մեջ մտցնել: Հիմա էլ  պահանջում են վթարված մեքենայի էքպերտիզայի փաստաթղթերը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին պետք է հիշեցնել, որ «Դժբախտ պատահարներից ապահովագրության» պայմանագիրը և Ապպան տարբեր տեսակների պայմանագրեր են և իրենց փախհատուցմամբ էլ նրանք մեկը մյուսին չեն լրացնում: Իսկ մեքանայի էքսպերտիզան դրա հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ուսուցչուհին ուղևոր է եղել մեքենայի մեջ:  Եթե չեք կարողանում համապատասխան փախհատուցումներ տրամադրել, ինչու եք այդքան ջանասիրաբար փորձում վաճառել «Դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրության» պոլիսները: Մեկ տարի ողջ դպրոցից հավաքվում է ահագին գումար,որը դուք շրջանառության մեջ եք դնում: Իսկ ուսուցիչներն ինչպես գիտեք, ամեն օր չէ, որ դժբախտ պատահարի մեջ են ընկնում:

Friday, May 6, 2016

Ժամանակն է, որ սկսենք հետևել Վճռաբեկ դատարանի գործունեությանը

Վերջին ամիսները մի տեսակ գերհագեցած էին իրադարձություններով։ Ամեն տարի չէ, որ մի քանի ամսվա կտրվածքում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե է լինում, իսկ կարճ ժամանակ անց՝ պատերազմական ակտիվ գործողություններ են սկսում ծավալվել։ Արդյունքում, հանրության ողջ ուշադրությունը սևեռվում է կոնկրետ մի քանի թեմաների վրա, իսկ նույն այդ հանրության կենսագործունեության բնականոն ընթացքի համար առանցքային նշանակություն ունեցող որոշակի ոլորտներ մի տեսակ ստվերվում են։ 
Այս պատերազմը մերկացրեց հայկական պետության բազմաթիվ խնդիրներ, և այսօր կարելի է փաստել, որ ամենասուր և օրհասական խնդիրները կայանում են համակարգային կոռումպացվածության, ինչպես նաև արդարության ու արդարադատության նկատմամբ վստահության բացակայության մեջ։ Դրա համար օրվա հրամայականն է, որպեսզի հանրությունն ու մամուլը իրենց սևեռուն հայացքների ներքո պահեն ցանկացած պետության համար կարևորագույն այնպիսի օղակը, ինչպիսին դատական համակարգն է, և հատկապես դրա թերևս ամենազդեցիկ ու քաղաքացու կյանքում առավել շատ նշանակություն ունեցող սեգմենտը՝ Վճռաբեկ դատարանը։ 
Նոր իրականությունը նոր հրամայականներ է թելադրում։ Մեր երկրի պետական համակարգը պետք է արմատական ռեֆորմների ենթարկվի, իսկ դատական համակարգն, ինչպես գիտենք, իշխանության հիմնական ճյուղերից մեկն է։ Լիահույս եմ, որ այս նոր իրականություն գիտակցում են նաև դատական համակարգում, ու հատուկ շեշտեմ՝ Վճռաբեկ դատարանում։ Նոր Հայաստանում այլևս չպետք է լինի այնպես, որ քաղաքացին վստահ լինի, որ արդարություն չկա, իսկ իր նկատմամբ տեղ գտած անարդար դատավճիռը չի կարող չեղարկվել Վճռաբեկում, այն էլ՝ անվճար ու առանց թիկունք։ Հանցագործն ու իրավախախտն էլ իր հերթին պետք է վստահ լինի, որ անկախ նրանից, թե որքան փող ու ինչ թիկունք ունենա, եթե նա մեղավոր է և ստորին պալատներում նրա մեղքն ապացուցվել է, նա չի կարողանա իր հարցերը լուծել վերին պալատներում ու հատկապես Վճռաբեկում, քանի որ Վճռաբեկը պետք է դառնա արդարության ու արդարադատության պաշտպանության վերջին պաշտպանական գիծը։ Տեսնենք, թե որքանով է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ի զորու պատվով դուրս գալու այս տեսլականը կյանքի կոչելու հարցի տակից։

Wednesday, March 30, 2016

Դաշնակների բերած կադրերը հավակնում են ստվերելու Շմայսին ու Թոխմախի Մհերին

Դեռ չէինք հասցրել մարսել պատանեկության տարիների ռոմանտիզմի զոհ Լիդեր Հովոյի արկածներն ու աշխարհընկալման առանձնահատկությունները, իսկ նորաթուխ դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը կարծես թե լուրջ հավակնություններ ունի ստվերելու կարկառուն հանրապետականներին՝ փողոցային բառապաշարի ու վարքուբարքի դրսևորումներով։

Հլա Շմայսն ու Թոխմախի Մհերը գոնե մի քիչ թրծվեցին այս ընթացքում ու երբ իրենց ինչ որ հարց են տալիս, զսպվածության նախանշաններ են ցուցաբերում, կամ էլ գոնե փորձում են հնարավորինս կուլտուրական պատասխանել՝ իրենց ոչ կուլտուրական բառապաշարի սահմաններում, ապա դաշնակ մարզպետը բանվ չի կաշկանդվում։ Հարգելի պարոնը, պատասխանելով աշխատանքից ազատված նախկին մարզպետի օգնականների պաշտոնանկության մասին հարցին, հայտարարել է, որ ինքը դեռ մի բան էլ լավություն է արել ու նրանք հեռացել են իրենց դիմումների համաձայն, թեև կարող էր հեռացնել նրանց աշխատանքից, իսկ որ ամենաակնառու տարրն է Սիմոնյանի պատասխանում, հհայտարարել է, որ ինքը ոչ մեկի առաջ «աչյոտ տալու չունի» ու կրկնում է նույն միտքը։

Պարոն դաշնակ աչյոտատուին պետք է հիշեցնել, որ ինքը գուցե ապրում է «աչյոտ» տալ-չտալու կատեգորիաներով հագեցած աշխարհընկալումով, բայց իրենից ոչ ոք աչյոտ չի ուզում։ Փոխարենը, նա հաշվետու է ու  հաշվետու է ինչպես իր վերադասների՝ տարածքային կառավարման նախարարի, վարչապետի ու նախագահի, այնպես էլ ղեկավարած համայնքի ու առհասարակ՝ հանրության առջև։ Այնպես որ, էդ կիսագողական վարքագիծը լավ կանի վերանայի, որովհետև մեզ միայն լիսկայակերպ մեկն էր պակասում Շիրակում։ Զուսպ եղեք մի քիչ, պարոնա՛յք։ Ոչ 90-կաններն են, ո՛չ էլ անգամ 2000-ականները, որ ամեն մի մարզպետ իրեն օրենքից ու էթիկետի նորմերից դուրս երևակայի։

Monday, March 28, 2016

Մի քանի հարց Զարուհի Փոստանջյանին ու այլ կեղծ իրավապաշտպաններին

Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին ու անկախ իմ վերաբերմունքից Ջհանգիրյանին ու ՀԱԿ-ին, պետք է խոստովանեմ, որ հատյապես Մատաղիսի գործով նրա արած մի քանի հարցադրումներ իրոք պատասխաններ են պահանջում։ Ուստի, ուզում եմ առանձնացնել դրանցից առանցքայինները․

1․ Ենթադրենք, ճիշտ են Փոստանջյանն ու արդեն արդարացվածները և նրանց անմեղ-անմեղ դատել էին, իսկ Փոստանջյանն ու տարատեսակ իրավապաշտպանները, ովքեր միացան նրանց պաշտպանությանը, իրոք անմեղներին փրկեցին ռեպրեսիվ համակարգից։ Օքեյ, եենթադրենք այդպես է։ Սակայն հարց․ ինչո՞ւ Փոստանջյանին ու մնացածին այլևս չի հետաքրքրում ուրիշ բան։ Իմ հասականալով, էս գործով ամենաշատը տուժածները այդ սպանված երկու տղաներն են, ում կորուստի հետ նույնիսկ նրանց սպանության մեջ մեղադրվածների զրկանքներն են չնչին։ Մինչդեռ, սպանվածների ու նրանց հարազատների իրավունքները կարծես թե հետաքրքիր չեն ո՛չ Փոսանջյանին, ո՛չ իրավապաշտպաններին, ո՛չ էլ արդարացվողներին։

2․ Ջհանգիրյանը նշում է, որ դատավճռի կայացման ժամանակ, այդ 3 արդարացվածները հարձակվել են ծնողների վրա ու բղավել, որ լավ են արել, որ սպանել են նրանց զավակներին։ Ինչո՞ւ ոչ ոք չի ուզում պարզի նման տեղեկատվության իսկությունը։ Սա արդեն ոչ միայն իրավապաշտպաններին չէ ուղղված, այլև մեդիա ռեսուրսներին, ովքեր պատրաստ են ամեն դեղին բամբասանքի հարթակ տալ, իսկ իրոք կարևոր տեղեկությունների վրա աչք փակել։

3․ Տիկին Փոստանջյանը կարծես թե հպարտանում է այս գործում ունեցած իր դերակատարությամբ, բայց գնալով ավելի ու ավելի նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք թույլ են տալիս առնվազն ենթադրել, որ իր՝ Փոստանջյանի գործուն ու անմիջական ներգործության արդյունքում, ազատության մեջ են հայտնվել դաժան մարդասպաններ, իսկ սպանվածների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու։ Մի՞թե Փոստանջյանը ասելիք չունի այս առնչությամբ ու կետ առ կետ չի ջախջախի այս քննդատական կետերը։ Ինչո՞ւ։ Գուցե նա գիտակցե՞լ է իր մեղավորությունը և աստիճանաբար ցանկանում է մաքրվել այս պատմությունից։ Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ լսելու նաև նրա վարկածը։

Thursday, March 24, 2016

«Նոր Հայաստանը» սկսել է փողոցային կլոունադայի նոր եթերաշրջանը

Ոստիկանական ոտքի հարված` ակտիվիստի գլխինԼինում են չէ՞ լրբոտ կանայք, ովքեր բոլորին բշտում-բշտում են ու եթե Աստված չանի, մի հատ չնչին հակազդեցություն ես ցուցաբերում, էլ չխոսեմ այն մասին, որ թեկուզ անզգուշորեն կպչում ես նմանին, մի խայտառակ աղմուկ-աղաղակ են բարձրացնում ողջ բակով մեկ․ «Հասե՜ք․․․ սպանում ե՜ն․․․ բռնաբարում ե՜ն․․․»։ Այ մեր քաղաքական-հասարակական դաշտի նման լրբոտ կնոջ գործառույթը ստանձնել են սեֆիլյանականները։

Հիմա էլ մի ահասարսուռ ու թրիլլեր ֆիլմերին հարիր նոր դրամատիկ պատմություն են շրջանառության մեջ դրել, իբր ոստիկանները տապալել են ակտիվիստ Ռուզաննա Եղնուկյանին ու քացոով այնպես են հարվածել նրա գլխին որ, գլխի շրջանում վերք է գոյացել։ Հիմա ողջ ֆեյսբուքը հեղեղված է նրա արնաշաղախ նկարներով ու միակողմանի մեկնաբանություններով։

Իհարկե, միամիտ մարդը կարող էր հավատալ այս զարհուրելի պատմությանը, իսկ ավելի թրծվածները ու սեֆիլյանական մուտիլովկեքին քաջատեղյակները միանգամից թերահավատ քմծիծաղ են տալիս։ Ինչո՞ւ․․․ թեկուզ նմանօրինակ մի քանի այլ միջադեպերի փորձն ունենալով։

Ընդհանրապես, «Նոր Հայաստանը» նման խասյաթ ունի․ ինչ որ մի բախում հրահրել, հետո համաֆեյսբուքյան հիսթերիա բարձրացնել, գոռալ «Հասե՜ք․․․ սպանում ե՜ն․․․ բռնաբարում ե՜ն․․․», իսկ երբ անհերքելի փաստեր բերվեն, որ նրանք մեղ ասած ուռճացնում են կատարվածը, լուռ անցնել առաջ, ասես ոչինչ չի էլ եղել։

Հիշենք մի քանի այդպիսի միջադեպ․ 2012 թվականին Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ իրեն խմբակային ծեծի են ենթարկել Հայազնի ներկայացուցիչները, իսկ հետո պարզվում է, որ եթե ծեծ եզրույթը կիրառելի է, ապա այսուհետ մի հատ չափալախը համարվում է ծեծ։ Բոլորս հիշում ենք բերձորի բախումը, երբ նույն Վարուժանը հայտարարեց, որ կրակոցներ են եղել, իսկ կանանց ու երեխաներին քացու տակ են տվել, սակայն բոլոր հրապարակված տեսանյութերում ոչ մի նման բան չկար։ Հետո եղավ դրանց այն գանգրահեր ակծիվիստուհու դաժան ծեծը՝ երևակայական երկու ամրակազմ տղամարդկանց կողմից ու այդ քան ծղրված տեսանյութը, որտեղ այդ աղջիկը խոսում էր միայն երբ կադրի մյուս կողմից իրեն հուշում էին, թե ինչ ասել։

Մի խոսքով, առավել քան վստահ եմ, որ հերթական մուտիլովկան է սեֆիլանականների կողմից, որի միակ նպատակը անիմաստ աժիոտաժ ստեղծելն է։

Wednesday, March 23, 2016

Բրյուսելի ահաբեկչությունները ցույց տվեցին, թե ինչ խայտառակ թույլ են եվրոպական հատուկ ծառայությունները

Բրյուսելյան ահաբեկչություններից մեկ օր անց օրակարգային է դարձել այն հարցը, թե ինչպե՞ս կարող էր նման բան լինել Եվրոպայի սրտում և ինչու նման վայրագությունը չկանխվեց։ Ու այս հարցի անգամ հպանցիկ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հիմնական պատճառներից մեկը եվրոպական հատուկ ծառայությունների խայտառակ ձախողումներն ու ոչ կոմպետենտությունն է։

Հիշենք դեպքերի քրոնոլոգիան․

- 3 օր առաջ Բրյուսելի Մոլենբեկ համայնքում ձերբակալվում է Փարիզյան ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչ լինելու մեծ կասկածվող Սալահ Աբդեսլամին և նրա հետ՝ ևս 4 հոգու։

- Մարտի 21-ին Բելգիայի ներքին գործերի նախարարը հանդես է գալիս հայտարարությամբ, որ ահաբեկչական այս օղակի վնասազերծումը կարող է ակտիվացնել մյուս օղակները, բայց իրենք պատրաստ են դրան։

- Արդեն մարտի 21-ին հատուկ ծառայությունները տեղեկություն են ունենում, որ ահաբեկչություններ են նախապատրաստվում, բայց քանի որր կոնկրետ տեղ ու վայր հայտնի չէր, հստակ ու համապարրփակ գործողություններ չէին ձեռնարկվել։

- Հայտնի է նաև, որ բելգիական հատուկ ծառայություններին իրենց ռուս կոլլեգաներն են զգուշացրել են նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։

- Մարտի 22-ին Բրյուսելի օդանավականում, ինչպես նաև մետրոյի երկու կայարաններում որոտացին պայթյուններ ու զոհվեցին շուրջ երեք տասնյակ մարդ, իսկ այսօր արդեն պարզվում է, որ օդանավակայանի ահաբեկիչներից մեկը հանդիսացել է նաև Փարիզյան ահաբեկչության մասնակից։

Այս ամենը թույլ է տալիս խոսալ ոչ միայն Բելգիայի, այլև ողջ եվրոպական հատուկ ծառայությունների խայառակ ձախողումների մասին, որոնց հավատալն անգամ դժվար է, բայց ցավալի իրականություն է փաստորեն։

Ընդհանրապես, տպավորություն է, որ Եվրոպաան ընդհանրապես հարմարեցված չէ իրական աշխարհի պայմաններին ու լրիվ անպաշտպան է։ Ցնցող լուր էր այն, որ օդանավակայանում մետաղադետեկտորները ոչ թե մուտքի մոտ են, այլ արդեն տրանզիտային գոտում։ Ապշեցուցիչ է այն, որ մի քանի աղբյուրենրով հաղորդագրություն ստանալուց հետո, նման կարևորագույն տրանսպորտային հանգույցներում պատշաճ հսկողություն չի սահմանվում։ Ապշելու բան է այն, որ Փարիզի ահաբեկչությունից ամիսներ անց, դրա կազմակերպիչներից ու իրականացնողներից շատերը ոչ միայն չեն հայտնաբերվում, այլև կարողանում են ժամանակ ու միջոցներ գտնել՝ նոր մասշտաբային ահաբեկչություն կազմակերպելու համար։

Այս ամենն արդեն հիմք է, որ մի շարք ԵՎրոպական երկրներում հատուկ ծատռայությունների ղեկավարներին վռնդեն իրենց զբաղեցրած պաշտոններից։ Չնայած, նման անարդյունավետության պարագայում, դրանք փակելն էլ քիչ կլինի։ Ամեն դեպքում, եվրոպացիները մտահոգվելու շատ լուրջ պատճառներ ունեն, որովհետև կա մեծ հավանականություն, որ միայն Բելգիայի ու Ֆրանսիայի հատուկ ծառայությունները չեն այսպիսի անմխիթար վիճակում։