Friday, October 28, 2016

Տարոն Մարգարյանն ընդամենը երկու օրում հերթական անգամ հիշեցրեց, որ քաղաքապետ լինելու իրավունք չունի

Картинки по запросу տարոն մարգարյանԽելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա, սովորական մարդը սովորում է իր սխալների վրա, դե իսկ մարդիկ, ովքեր անգամ սեփական սխալների վրա չեն կարողանում սովորել․․․ մի խոսքով, դուք ինձ հասկացաք։ Երրորդ տեսակի մարդիկ բնավ քիչ չեն մեր շուրջբոլորը, բայց համաձայնվե՛ք, եթե մեր կողքին անխելքների առկայությունը նորմալ է ու նույնիսկ բնականոն, ապա իշխանության բարձր օղակներում անխելք մարդ ունենալն աղետ է։

Թվում էր, թե Տարոն Մարգարյանը մի կերպ յուրացրել է այն պարզ իրողությունը, որ կոնկրետ իր պարագայում լավագույն լուծումը «тише воды, ниже травы» մնալն է ու տևական ժամանակ կարողանում էր խուսափել ֆեյսբուքյան բուռն ալիքների։ Բայց Տարոն դու Տարոն, չդիմացավ ու տևական լռությունից հետո իսկական շռնդալից քամբեք արեց վիրտուալ ուշունցի դաշտ։

Ես վաղուց հույսս կտրել եմ, որ փիառ ու Երևանի քաղաքապետարան հասկացությունները երբևէ ընդհանուր հայտարար կունենան իրար հետ, բայց համաձայնվեք, արդեն փիառն էլ է մեծ շռայլություն։ Իրոք պետք է հակափիառի հանճար լինես, որպեսզի հոկտեմբերի 27-ի նախօրեին դպրոցական խուլիգանի պես խոսես այդ ողբերգության զոհ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի հետ։ Դե իսկ այսպիսի պանծալի հերոսությունից հետո թույլ տալ, որ Երևանի կենտրոնում հնագույն շինություններից մեկը պայթեցնեն՝ առանց պատշաճ զգուշացման ու քննարկումների, դա արդեն հակափիառի հանճարի բան չէ, դա ինքնախարազանման գուրուի մակարդակ է արդեն։

Այնպես չէ, որ դարի բացահայտումը կլինի, եթե ասեմ, որ Տարոն Մարգարյանը պարզապես իրավունք չունի զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնի պես բարձր օղակ, բայց եկեք արձանագրենք, որ այս երկու իրադարձությունները հերթական անգամ հիշեցնում են մեզ այդ մասին։ Չի կարող մարդը, ով զուրկ է թե՛ տակտի զգացումից, թե՛ ինքնավերլուծություն անելու ունակությունից այսքան երկար մնալ այդ պաշտոնին։ Ու արդեն հավես էլ չկա պարոն Տարոնի համար երկար-բարակ բացատրելու, թե կետ առ կետ ինչով էր սխալ, ինչը կարելի էր անել այլ կերպ և ինչու, որովհետև ասողին լսող է պետք, իսկ տվյալ պարագայում գործ ունենք պաթոլոգիական համառության ու «խլության» հետ։

Tuesday, October 25, 2016

Մինչև մենք չփոխվենք, երկիրը չի փոխվելու` անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ կամ նախագահ

Картинки по запросу կարեն կարապետյանՈ՜ւմ խոսեցնես՝ դժգոհ է։ Դժգոհ է իշխանություններից, դժգոհ է երկրից, դժգոհ է կյանքից։ Բայց այդ դժգոհներից դժվար թե գտնվի մեկը, ով դժգոհ լինի իրենից։ Այն առումով, որ մեղադրի ինքն՝ իրեն, կամ էլ գոնե իր մեղավորության բաժինը հասկանա այն ամենում, ինչը հարուցում է նրա դժգոհությունը։

Հեքիաթ է, թե մենք խիստ իմաստուն, լավ զարգացած ու մշտապես առաջադեմ ազգ ենք: Վերլուծելով վերջին 25-30 տարիների մեր վարքը, կարելի է հանգիստ խղճով պնդել, որ մենք բավականին կարճամիտ, թերզարգացած ու ասիական գավառամտությամբ աչքի ընկնող ազգ ենք։ Եվ սրա հիմքում ընկած է այն խնդիրը, որ անհատական մակարդակում չենք կարողանում սթափ գնահատական տալ ինքներս մեզ ու որ ավելի կարևոր է՝ գրեթե բացակայում է ինքնաքննադատությունը։

Ու այս ամենի ֆոնին, բավականին զավեշտալի է ու տխուր է էյֆորիայի այն ալիքը, որը տիրում է նոր վարչապետի շուրջ։ Քավ լիցի, այնպես չէ, որ դժգոհ եմ Կարապետյանից։ Անգամ առանց համեմատականներ անցկացնելու նախորդների հետ, կարող եմ փաստել, որ ավելի շուտ գոհ եմ, քան դժգոհ նրանից։ Խնդիրը Կարապետյանը չէ։ Խնդիրը մարդկանց ակնկալիքներն են, ովքեր կարծես ոչ թե վարչապետի հետ գործ ունեն, այլ մի բարի կախարդի, ով կախարդական փայտիկով լուծելու է բոլոր հարցերը։ Իսկ եթե չլուծի, ապա դրա մեղավորությունը մութ ուժերինն է։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, մի լուր ունեմ Ձեզ համար, եթե այդպես եք մտածում․ ոչինչ չի փոխվելու, եթե դուք չփոխվեք, և բացարձակապես կապ չունի, թե ով կլինի վարչապետ, նախագահ, թագավոր, թե հոգևոր առաջնորդ։ Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե խոսքով, այլ գործով դեմ չէ օրինակ օլիգարխիային (ոչ թե ափսոսում է, որ ինքը չէ այդ օլիգարխի տեղը), քանի մեզանից յուրաքանչյուրը պատրաստ չէ ապրել օրենքով (այլ ոչ թե ափսոսալ, որ ինքը չի մտնում այն մարդկանց ցուցակ, ովքեր վեր են օրենքից), քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը սեփական հոգսերը հոգալուց ու երկրից պահանջելուց, պատրաստ չէ ինքը օգտակար լինել ու տալ երկրին․․․ մենք չենք ապրելու ավելի լավ երկրում։

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ երկիրն իրոք լավը, կամ էլ վատը չեն լինում։ Մեր խնդիրների արմատը հենց մեզանում է, որովհետև մարդկային սխալներից ու արատներից են բխում դրանք բոլորը։ Ու պետք չէ կարծել, թե նրանք, ում դուք մեղադրում եք բոլոր չարիքների համար (ընդ որում՝ արդարացիորեն) լուսնից ներկրված են։ Էլի մարդ են։ Մարդ են, ինչպես ես ու Ձեզանից յուրաքանչյուրը։ Պարզապես նրանք հայտնվելով գայթակղության առջև՝ չեն դիմակայել դրան ու խնդիրն այն է, որ նույն իրավիճակում նույն գայթակղություններին չի դիմակայի մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը։ Այ սա՛ է խնդիրը։ 

Monday, October 17, 2016

Հասմիկ Պողոսյանին պետք է դատել գործուղումների վրա մսխված 23,2 միլիոն դրամի համար

Картинки по запросу հասմիկ պողոսյանՄի տեսակ տպավորություն է, որ մեր իշխանական վերնախավը նոր հայեցակարգ է կիրառում, որի համաձայն նույնիսկ վերջին թալանչու համար ծայրագույն պատիժը պաշտոնանկությունն է։ Այսինքն՝ իրեն գործից հանում են ու վե՛րջ։ Էլ էական չէ, թե ինչ ղալլաթներ է արել, ինչքան է կերել ու ինչքան վնաս է պատճառել։ Կարելի է մտածել, թե պաշտոնանկությունը ծայրագույն պատիժն է մեր երկրում։

Օրինակ՝ մշակույթի նախկին արհավիրք նախարար Հասմիկ Պողոսյանը։ Գիտե՞ք, որ սույն տիկինը միյան գործուղումների վրա ու միայն 2014-2015 թվականների մսխել է 23,2 միլիոն դրամ։ Մեր բարձրաշխարհիկ մշակութամայրը յաման աշխատասերն էր փաստորեն ու երկու տարում հասցրել է 21 (!!!) անգամ գործուղումների գնալ։ Ու ասեմ, Հասոյի մոտ губа не дура՝ Վենետիկներով, Փարիզներով ու եվրոպական այլ գեղեցկագույն վայրերով վոյաժներ է արել։

Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Հասմիկ Պողոսյանի ամեն գործուղումը բյուջեի վրա նստել է միջինում 1,1 միլիոն դրամ․․․ Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեզ էշի տեղ են դնում, որովհետև անգամ բիզնես դասի համար նման գներ ճարելն առանձնակի տաղանդ է պահանջվում և կարծում եմ, որ մենք գործ ունենք նորանշանակ վարչաետի բնորոշած «պրիմիտիվ գողության» մեխանիզմի հետ։

Եթե մշակութամայրը հաջողացրել է միայն երկու տարում շուրջ 50 հազար դոլար արժենալ բյուջեի վրա ու այն էլ՝ միայն գործուղումներ մասով, պատկերացնո՞ւմ եք, թե որքան են կազմում նրա պաշտունավարման բոլոր 8 տարիների գործուղումների ընդհանուր ծախսերը և որ առավել կարևոր է ու քրեորեն պատժելի՝ այդ գումարի ո՞ր մասն է իրականում գրպանվել։ Կարծում եմ, որ եթե ապրեինք նորմալ պետությունում, Մշակութամոր վոյաժներով պետք է առաջին հերթին հետաքրքրվեին պատկան մարմինները, այլ ոչ թե բլոգերներն ու լրագրողները։ Իսկ եթե մի քիչ նորմալ երկրում ապրեինք, ապա պատկան մարմինները գուցե առաջինն էլ չհետաքրքրվեին, բայց թեմայի այսքան արծարծվելուց հետո, պետք է Հասոյին առնվազն հարցաքննության կանչեին։

Առհասարակ, ես կարծում եմ, պետությանը 23,2 միլիոն դրամի վնաս հասցրած ցանկացած ոք, այն էլ նախարար, պետք է խստագույն պատիժ կրի ու այդ պատիժը ոչ թե պաշտոնանկությունը պետք է լինի, այլ 2-ը 2-ի վրա ճաղերով «սենյակում» անցկացված մի քանի տարին։

Saturday, October 15, 2016

Ռուսերեն լեզվի դեմ արշավը ոչ թե հայրենասիրության, քայլ քաղքենիության դրսևորում է

Картинки по запросу Լևոն ԱլթունյանՎերջին 10 օրերին առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը կապված է ռուսերենի իմացության հետ։ Նախ, ակտիվորեն սկսեց շրջանառվել այն հարցը, որ Առողջապահության նորանշանակ նախարարն իբր պարտադրում է նախարարության աշխատակիցներին իմանալ ռուսերեն ու ինքն էլ ռուսախոս է, իսկ այսօրվա մեյնսթրիմ թեմաներից մեկն էլ Արա Աբրահամյանի ելույթն է իր իսկ կազմակերպած տնտեսական ֆորումում, որտեղ նա՝ ի տարբերություն այլ ելույթ ունեցողների, խոսել է հայերեն։

Տիկնայք և պարոնայք, ռուսերեն ու ցանկացած լեզվի դեմ արշավը ոչ մի աղերս չունի հայրենասիրության հետ։ Ընդհակառակը, որպես կանոն, դա լոկ քաղաքենիության ու տնական ֆաշիզմի դրսևորում է։ Ավելի առարկայական լինելու համար, քննարկենք վերոնշյալ օրինակները։

Արա Աբրահամյանը հայերեն է ելույթ ունեցել (եթե դա իհարկե կարելի է հայերեն կոչել), որովհետև ռուսերեն չի կարողացել։ Գիտենք նրա ռուսերենի իմացությունն էլ, հայերենինն էլ։ Դրա մեջ հայրենասիրական պոռթկում տեսնելը ծիծաղելի է, իսկ ռուսական կայսերապաշտության դեմ տարված միկրոհաղթանակ տեսնելը՝ աբսուրդ։

Առողջապահության նախարարի մասով էլ կարող եմ ասել, որ եթե դա համապատասխանում է իրականությանը ու նա առողջապահության նախարարության աշխատակիցներից ու նամանավանդ բժիշկներից ակնկալում է ռուսերենի իմացություն, ապա դա միանգամայն ճիշտ է կոնկրետ տվյալ ոլորտի համար։ Ես դժվարանում եմ պատկերացնել Հայաստանում ծնված, մեծացած ու բժշկական կրթություն ստացած մասնագետը ինչպես կարող է լինել լավ մասնագետ՝ չտիրապետելով ռուսաց լեզվին։ Չէ՞ որ մասնագիտական գրականության մի հսկայական մաս պարզապես չկա հայերենով ու բժիշկը պետք է տիրապետի ռուսերենի էլ, անգլերենի էլ, որպեսզի կարողանա լավ մասնագետ դառնալ։ Փոխարենը, պետք է անհանգստանալ, որ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոչ մի դատապարտելի բան չի տեսնում բուժաշխատակիցներին կոնյակ-բամբաներկա-փող տալու երևույթի մեջ ու չի համարում դա կոռուպցիոն դրսևորում։

Ընդհանրապես, տիկնայք ու պարոնայք, այլ լեզուների դեմ հիստեիկ դրսևորումները գավառամտության ու քաղքենիության դրսևորումներ են։ Սեփական լեզվի բարօրության համար ոչ թե այլ լեզուներն ու դրանց կիրառությունն է պետք սահմանափակել, այլ սեփական լեզուն հարստացնել։

Wednesday, October 12, 2016

Չոռնի Գագոյին արդեն իսկ Հյուսիս-Հարավի գործով պետք է դատել

Картинки по запросу Գագիկ ԲեգլարյանԻշխանության բարձրաստիճան օղակներում սրբեր չկան։ Յուրացումների, գողության, մեքենայությունների ու կոռուպցիայի մեջ կարելի է կասկածել գրեթե ցանկացած պետպաշտոնյայի, բայց քչերին է հաջողվում ձեռքից բռնել օրինախախտումների ժամանակ։ Էլ ավելի հազվադեպ է լինում, երբ այդ դրվագների մանրամասները հայտնի են դառնում լայն լսարանին։ Չոռնի Գագոն հենց այդ եզակի դեպքերից է փաստորեն։

Մի կողմ դնենք նրա մութ անցյալը և տարատեսակ հերոսությունները, որոնք բազմիցս քննարկվել են նախկինում։ Մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ ՊԵԿ-ը կոպիտ խախտումներ է հայտնաբերել «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն» իսպանական ընկերության հայաստանյան մասնաճյուղում, որոնց համար 2,6 միլիարդ դրամանոց ակտ է կազմվել և լրացուցիչ գանձնման է սահմանվել շուրջ 1 միլիարդ դրամ։ Այս ընկերությունը զբաղվում է Հյուսիս-Հարավի շինարարությամբ, որի ընթացքը առանց այն էլ մեծ հարցեր է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ արդեն շուրջ 600 միլիոն դոլար է ծախսվել, իսկ կառուցվել է ճանապարհի միայն չնչին մասը։

Հիշեցնեմ նաև, որ Չոռնին նախարար է նշանակվել 2012 թվականին ու մի տեսակ լուրջ էլ չի քննարկել, թե նախկինների մեղավորությունը որքան է, որովհետև 4 տարին առավե քան բավարար ժամանակ էր, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպեր այս պրոյեկտի ընթացքը։ Մինչդեռ, եթե հավատանք մամուլում շրջանառվող խոսակցություններին, ապա Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնող գրեթե բոլոր ընկերությունները, այդ թվում նաև «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն»-ը այս կամ այն կերպ կապ ունեն մեր փառապանծ նախարարի հետ։ Ավելին ասեմ․ նման ընկերությունները, որոնք անուղղակի հանդիսանում են նրա սեփականությունը, այնքան շատ են, որ ըստ նախարարության աշխատակիցների, Չոռնին նախարար եղած ողջ ընթացքում նախարարությունում ամեն օր առավելապես զբաղված էր իր բիզնես կայսրության կառավարմամբ, ոչ թե իր անմիջական պարտականություններով։

Ու հիմա, փաստացի ունենք իրավիճակ, երբ Չոռնու ձեռքից բռնել են գողության վրա։ Այսքան խոսվում է ռեֆորմների և վերաիմաստավորման մասին։ Մի՞թե հնարավոր է գտնել ավելի հարմար «մատաղացու», որպեսզի բոլոր այդ խոսակցություններին ու բարի նպատակներին հնարավոր լինի հավատալ։ Թե՞ այս անգամ էլ Չոռնին ջրից չոր դուրս կգա, եթե չասենք, որ մոտ հեռանկարում կրկին բարձր պետական պաշտոնի կանցնի։ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։ 

Tuesday, October 11, 2016

Անառակ Դալլաքյանի վերադարձը․ երբ «մարած աբլիգացիաները» չեն ուզում համակերպվել իրականության հետ

Картинки по запросу դալլաքյանՎիկտոր Դալլաքյանը դուրս եկավ ՀՀԿ-ից։ Արդեն քանի օր է լուրեր էին շրջանառվում, որ նա անելու է դա ու վերստին ստանձնելու է ընդդիմադիրի դերը։ Նույնիսկ սեփական կուսակցությունն է հիմնելու՝ «Շրջադարձ»։ Ասում են, թե Սեյրան Օհանյանն էլ է միանալու նրան։ Օհանյանի մասին չգիտեմ, առանձին քննարկման թեմա է, իսկ այ Դալլաքյանի մասով հստակ դիրքորոշում ունեմ։

Դալլաքյանը «մարած աբլիգացիա»-ի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչ է, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին բնորոշել՝ հաճախորդ։ Սա հասկանում եմ ես, սա հասկանում են քաղաքական դաշտի ներկայացուցիչները, սա հասկանում են մարդիկ։ Կարծես թե միայն Դալլաքյանն է, որ չի հասկանում ու կարծում է, որ թարթիչի՝ моргатель-ի պես դիմության և ընդդիմության ռեժիմի անցնելը աննկատ կմնա ու կվրիպի քաղաքացու ուշադրությունից։

Մինչդեռ, բոլորս էլ լավ ենք հիշում, որ ժամանակին խրոխտ ընդդիմադիր ու ռեժիմի երդվյալ թշնամի Դալլաքյանը շատ սիրուն հպատակեցվեց ու նույնիսկ նախագահի վստահված անձի ու պաշտոնական ներկայացուցչի տիտղոսների արժանեցվեց։ Հենց դրա համար էլ խորհրդարանական վերջին ընտրություններին ջախջաիչ պարտություն կրեց գրեթե անհայտ Էդմոն Մարուքյանից։ Ի՞նչն է հիմա հույս ներշնչում Վիկտոր Դալլաքյանին, որ «անառակ որդու վերադարձը» օպերացիան հաջողությամբ կպսակվի։

Կասկածներո ունեմ, որ մի կողմից նա հույսը դրել է ՕԵԿ-ի անսպասելի հաջողության վրա, իսկ մյուս կողմից էլ նա հույս ունի իր թիմ ներգրավել հեղինակություն ունեցող գործիչների (ու այս պարագայում արժանահավատ են թվում Սեյրան Օհանյանի մասին խոսակցությունները), բայց Դալլաքյանը, ըստ իս, հաշվի չի առել, որ նա չունի ո՛չ ֆինանսառեսուրսային այն հնարավորությունները, որն ունի նույն ՕԵԿ-ը (այդ թվում նաև թաղային հեղինակությունների աջակցության առումով), ոչ էլ Օհանյանն է այժմ իր ռեյթինգի բարձրունքում։ Էլ չխոսենք այն մասին, որ լինի դա Օհանյանը, թե ցանկացած այլ մեկը, Դալլաքյանի հետ մի մակույկը նստելը ոչ թե Դալլաքյանի կերպարը կհզորացնի թիմակիցի հեղինակության հաշվին, այլ ճիշտ հակառակը՝ թիմակցի հեղինակությունը գետնով կտա՝ Դալլաքյանի անփառունակ կերպարի պատճառով։

Այնպես որ, Դալլաքյանը պետք է հասկանա, որ «մարած աբլիգացիաները» ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ նրանք մարած էլ մնում են․․․

Monday, October 10, 2016

Դաշնակները շարունակում են քաղաքական մարմնավաճառությունը, իսկ ՕԵԿ-ը ռեաբիլիտացվելու բացառիկ հնարավորություն ունի

Картинки по запросу ՕԵԿ ՀՅԴԱռավել քան ուշագրավ զարգացումներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում ու այդ զարգացումները հասել են իրենց գագաթնակետին Վանաձորի ու Գյումրու քաղաքապետերի ընտրությունների կոնտեքստում։ Ընդ որում, ամենաուշագրավը ՕԵԿ-ի անսպասելի հաջողությունն էր ընտրություններին և ամենաինտրիգային հարցը նրանում է, թե որքանով հետևողական կլինեն ընդդիմացման հարցում։

Մյուս կողմից, ամբողջապես պատռվեց ՀՅԴ-ի դիմակը, որը այնպիսի անպարկեշտ կեցվածք է ընդունել, որ քաղաքական մարմնավաառություն եզրույթը նույնիսկ կոմպլիմենտ կարելի է համարել։ Հիշեցնեմ, որ Գյումրիում ու Վանաձորում դաշնակները անվերապահորեն սատարում են ՀՀԿ-ին և դա այն պարագայում, երբ առաջին անգամ վերջին տարինրի ընթացքում հնարավոր է եղել տեղերում ստեղծել ընդդիմության լայն դաշինք։ Չնայած, ուրիշ ճար էլ չունեն դաշնակները, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ առանց ՀՀԿ-ի աջակցության դաշնակները ոչ մի շանս չունեն նոր խորհրդարանում հայտնվելու ու դրա համար էլ ամբողջական հպատակեցման տրամաբանությունը հասկանալի է։ Տրամաբանությունը, բայց ոչ բարոյականությունը, որովհետև բարոյական ոչինչ դաշնակների այս կեցվածքում չկա։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա սա լրջագույն շանս է նրանց համար։ Հարցը հավաքած քվեները չեն։ Հարցը նրանում է, որ հիմա ՕԵԿ-ը տկից չքցի Լուսավոր Հայաստանին ու գաղտնի քվեարկությամբ Վանաձորում երկու հավելյալ քվե չգնա ՀՀԿ-ի օգտին։ Եթե ՕԵԿ-ը դաչարեց, ապա լուրջ քայլ է վերստին վստահություն ձեռք բերելու մարդկանց մոտ։ Եթե չարեց․․․ դե եթե չարեց՝ մնալու է ՕԵԿ էլի։ Ողջ հարցը նրանում է, թե որքանով էր նրանց հաջողությունը պատահական և ինչ քաղաքական հեռանկարներ են տեսնում ՕԵԿ-ի առաջնորդներն իրենց համար։ 

Thursday, October 6, 2016

Լիդեր Հովոն ֆոտոսեսսիաներ անելու և ճկույթներ կտրելու փոխարեն, թող թաղապետարանի բարդակը վերացնի

Картинки по запросу լիդեր հովոԴժբախտություն ունեցա այցելել Արաբկիրի թաղապետարան։ Մի ապոկալիպտիկ տեսարան էր ինձ սպասվում այնտեղ։ Եղածը մի մեծ բան չէր, մեքենայիս տեխսպասարկման վճարումն էի ցանկանում կատարել ու այնպես չէր, որ շա՜տ ձգձգվեց։ Բայց․․․

Բայց սկսենք նրանից, որ թաղապետարանն ինձ մոտ կուրիլկայի տպավորություն թողեց։ Առաջին անգամ չէր, որ Արաբկիր համայնքի այս հաստատությունում էի, բայց առաջին անգամ էր՝ Լիդեր Հովոյի թաղապետ դառնալուց հետո։

Նախ, գրեթե բոլոր սենյակներում, որտեղ ես եղա՝ ծխում էին, կամ էլ լավագույն դեպքում արդեն ծխել պրծել էին։ Այդքան երկրորդական նիկոտինով մի հատ ձի էլ չէ, մի ամբողջ երամակ վարի կարելի է տալ։ Հետո, ինչ-որ խիստ շատ էին տարօրինակ նանարներն ու մորքուրները, ովքեր ոչ իրենց աշխատանքից էին խաբար, ոչ էլ գործառույթներից։ Փոխարենը, սիրով մանիկյուր էին անում, իրար հետ գյալաջի էին անում ու սրճում էին։ Հա, մեկ էլ երբեք չեմ մոռանա «ախպերավատ» լինող երիտասարդ աշխատակցին։ Տպավորություն էր, որ ինչ-որ միստիկ կերպար ինչքան ծանոթ-բարեկամ ունի բերել ու գործի է տեղավորել համայնքապետարանում՝ հույսով, որ մի օր կսովորեն էլի, թե ինչ պետք է անեն։

Ուստի, անդամախեղումների հակում ունեցող նորաթուխ թաղապետ Լիդեր Հովոյին հորդորում եմ լիդերություն ցուցաբերել ոչ միայն մականունային մակարդակում, այլ ռեալում և կարգի հրավիրել իրեն վստահված հաստատությունը, որպեսզի այն սկսի համապատասխանել տարրական սանիտարահիգիենիկ, բարեկրթության ու պրոֆեսիոնալ էթիկետի նորմերին։ Հասկանում եմ, որ դա կարող է որոշ ժամանակ խլել ֆոտոսեսսիաներից ու ֆոտոշոփային մանիուլյացիաներից, բայցևայնպես, կարծում եմ, որ թաղապետի պաշտոնում մնալու տեսլականը գեղեցկության պես մի բան է, որը որոշակի զոհեր է պահանջում։