Հավանաբար քչերը նկատած կլինեն, որ հայաստանյան իրականության վերջին շրջանում առանձնակի աղմուկ բարձրացրած մի քանի օրինագծերի քննարկումներում միևնույն մարդու ստվերը միշտ անպակաս էր լինում։ Կլինի դա տխրահռչակ «Գենդերի մասին» օրինագիծը, թե ընտանեկան բռնության դեմ օրինագիծ, իսկ այժմ՝ արդեն նաև խտրականության դեմ օրենքի խստացում․․․ մի բան ամփոփոխ է՝ այնտեղ առկա է ՀՀ Արդարդատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի անունը։
Այս պարոնը արդեն տևական ժամանակ է, ինչ ձեռնամուխ է եղել հայկական ընտանիքի ինստիտուտը ապականելու «սուրբ գործին»։ Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը ատրաստվում է ԱԺ-ով նոր ռեֆորմներ անել, որոնք միտված են «գենդերների» սիրտը շահելուն։ Մասնավորապես՝ խոսքը գնում է խտրականության դեմ օրենքով նախատեսված պատժամիջոցները խստացնելու մասին։ Ոմանց կարող է թվալ, որ սա նոր նախաձեռնություն է, բայց այն ունի բավականին խորը արմատներ։
Օրինակ՝ եթե մի թեթև համացանցը տնտղեք, ապա կտեսնեք, որ Բրիտանիայի դեսպանատունը դեռ փետրվարին հատուկ ֆինանսավորել է, որպեսզի սույն պարոնի գլխավորած պատվիրակությունը մեկնի Միացյալ Թագավորություն և մեջբերում եմ․ «․․․ նպատակ ունենալով ուսումնասիրել խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բրիտանական փորձը։ Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացված այս հնգօրյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հակախտրականության մասին համապարփակ օրենսդրության ընդունմանն ու կիրառմանը․․․»։ Ու հաշված ամիսներ անց ՀՀ Ազգային ժողով է ներկայացվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին սկանդալային օրինագիծը, իսկ այժմ էլ տեղեկանում ենք, որ շուտով քննարկվելու է հակախտրականության մասին ռեֆորմ։
Սա ոչ այլ ինչ է, քան ազգային անվտանգության ռիսկ, որը էլ ավելի սարսափելի է իր մասշտաբներով, եթե արդեն իսկ աներկբա է, որ այս վտանգը առաջ տանող ուժերի գլխին կանգնած է բարձրաստիճան պաշտոնական այր՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ Իսկ ի՞նչ, եթե այլասերման բուրգի գլխին փոխնախարարի պաշտոնը ամենաբարձրը չէ։ Կարելի է առանց չափազանցեցնելու փաստել, որ գործ ունենք պետական մասշտաբի դավադրության հետ։ Անգամ եթե ոմանք սա համարեն գույներ թանձրեցնելու փորձ, ապա հարց է առաջանում․ մի՞թե ՀՀ քաղաքացիներին չի հուզում, որ հարկատուների հաշվին վարձատրվող ու հարկատուների համար ծառայելուն կոչված փոխնախարար մարդու գործունեությունը ոչ այլ ինչ է, քան անթաքույց ու նույնիսկ հանդուգն կերպով իրականացվող ազդեցության գործակալի գործառույթ։
Վստահ ենք, որ եթե այսօր Վիգեն Քոչարյանի ու նրա նմանների սանձերը ձգվեն, ապա մեր երկրում տնաքանդ օրենսդրական նախաձեռնությունների քանակը կտրուկ կնվազի։ Զուր չեն ասել՝ թշնամին տնից է լինում․․․