Wednesday, July 27, 2016

Ես անտեսված մեծամասնության ներկայացուցիչն եմ

Դեռ երբեք մեր ազգաբնակչության մեծամասնությունն այսքան անտեսված չէր, որքան վերջին 11 օրերին։ Ես այդ մեծամասնությունից մեկն եմ։ Մեկը՝ ով գնալով ավելի նեղված է զգում իրեն ատելության ու անհանդուրժողականության միջավայրում։ Մեկը՝ ով ունի կարծիք տեղի ունեցողի շուրջ, բայց դժվարությամբ է վճռականություն գտնում իր մեջ արտահայտելու այն, որպեսզի չպիտակավորվի մարտնչող փոքրամասնությունների կողմից որպես «ահաբեկիչներին սատարող» կամ էլ «իծխանական ստրուկ»։ Մինչդեռ ես կամ, մենք կանք, բայց մեր կարծիքը փոքրամասնություններին հետաքրքիր չէ։

Սրանում մեղավոր են թե՛ իշխանությունները, թե՛ Սասնա Ծռերը։ Այդ նրանք են ստեղծել ու շիկացնում այս անմարդկային ատելության մթնոլորտը, այդ նրանք հասել եղբայրասպան դիլեմայի շեմին ու մեզ էլ իրենց հետ են քաշում։ Բայց ես չեմ ուզում, մենք չենք ուզում։ Սակայն ո՞վ է մեր կարծիքը հարցնում։

Իշխանությունների ու իշխանականների դիրքորոշումը պարզ է․ նրանք ահաբեկիչ են, նրանք մարդ են սպանել, նրանց պատանդներ են վերցրել ու նրանք հեղաշրջում են ուզում։ Եթե դու սատարում ես նրանց, դու ահաբեկիչների ես սատարում ու դուրս ես գալիս ոչ թե մեր, այլ պետականության դեմ։

Սասնա Ծռերի ճամբարի դիրքորոշումն էլ հստակ է․ նրանք պատերազմի մեծանուն հերոսներ են, նրանք հուսալքությունից են գնացել այս քայլին, իշխանությունները 25 տարի շարունակ ապացուցել են, որ բացի ուժից, այլ լեզու չեն հասկանում։ Եթե դու մեր հետ չես, ապա դու մեր դեմ ես։

Մինչդեռ, քանի՞սն են իշխանության ու իշխանականների ներկայացուցիչ։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Հնարավոր է։ Իսկ ինչքա՞ն է Սասնա Ծռերի կողմնակիցների քանակը։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Ամենայն հավանականությամբ։ Բա այդ դեպքում ո՞ւր են մնացած 2,9 միլիոն հայերը։ Նրանք ոչ խորենացու վրա են, ոչ էլ այլ փողոցում են պահանջում, որ Խորենացու վրա մարդ չլինի։ Նրանք ահաբեկված ու տագնապած այս ամենից, զարհուրում են եղբայրասպանության հեռանկարից ու սպասվող ցնցումներից։ Նրանք խուսափում են բարձրաձայնել իրենց խոհերը ու մտորումները, որովհետև թեև դրանք արտացոլում են մեծամասնության ԻՐԱԿԱՆ դիրքորոշումը այս հարցի շուրջ, բայց արձագանքում է այդ դիրքորոշումներին միայն ագրեսիվ փոքրամասնությունը։ Իսկ մեծամասնությունը լռում է ու չի սատարում։ Լավագույն դեպքում մի լայք է տալիս քեզ ու քաշվում իր անկյունը։

Իսկ իրականությունը հետևյալն է․ դուք՝ փոքրամասնություններդ, հասցրեցիք բանը եղբայրասպանության, դուք՝ փոքրամասնություններդ, մոռացաք, որ մենք ունենք իսկական թշնամի ու այդ թշնամին դրսում է՝ արևելքում և արևմուտքում, դուք՝ փոքրամասնություններդ, կոտրեցիք ու փշուր-փշուր արեցիք այն սակավաթիվ բաները, որ մեր երկրում դեռ չէինք անում, իսկ որ ամենավատն է՝ թշնամություն սերմանեցիք ու առատորեն ջրեցիք այն։

Ու դուք շարունակում եք սա՝ չցանկանալով սթափվելու ու հետևություններ անել։ Դուք՝ երկու բևեռներդ էլ խութերի վրա եք տանում այն նավը, որտեղ ոչ միայն դուք երկուսդ եք, այլև մենք՝ անտեսված մեծամասնության ներկայացուցիչներս։ Ու մենք ոչինչ չենք կարողանում անել, որպեսզի ողջամտության ձայնը հասցնենք երկուսիդ։ Ու դուք կկործանեք մեզ բոլորիս, եթե մի պահ կանգ չառնեք ու չանսաք մեր՝ անտեսված մեծամասնության ձայնին։

Sunday, July 17, 2016

Սեֆիլյանականների շնորհիվ իշանություններն էլ ավելի ուժեղացան

Ամեն չհաջողված ապստամբություն/զինված հեղաշրջման փորձ ուժեղացնում է տվյալ իշխանությանը, որովհետև հնարավորություն է տալիս լեգիտիմ ռեպրեսիաներ կիրառել և դիվիդենտներ քաղել՝ դրանք սահմանափակ ծավալներով իրականացնելով։ Սա իհարկե չեն հասկանում մոլորության ու ծայրահեղականության մեջ հայտնված ֆեյսբուքյան «պայքարող քաղաքացիները», բայց սա աքսիոմատիկ իրականություն է։

Սեֆիլյանականների արվածտը նույնիսկ ապստամբություն կոչել չի կարելի, որովհետև սա ֆարս էր, եթե նախատեսված էր միայն այս ակցիան։ Հնարավոր է, որ եղել է ավելի ծավալուն պլան ու ոստիկանության զորամասի գրավումը եղել է դրա մի մասը միայն։ Առավել ևս, որ Սեֆիլյանին ձերբակալելիս հաղորդեցին, որ նա ծրագրել էր գրավել հեռուստաաշտարակը։ Այս համատեքստում դեռ տրամաբանություն կար նաև զորամաս գրավելու մեջ, բայց միայն այս ակցիան անհեթեթություն է։

Արդեն պարզ է, որ այսօր կլինի, թե մի քանի օրից, բայց այս ահաբեկչական ակցիան ճնշվելու ու եթե պետք լինի՝ ուժային մեթոդով ու Պավլիկենք հայտնվելու են կամ ճաղերի հետևում, կամ էլ հողի մեջ։ Սակայն որքան ձգձգվի, այնքան ավելի շատ են օգտվելու այս իրավիճակից իշխանությունները, որովհետև կկարողանան լիարժեք փիառ ակցիա դարձնել այս ամենը, ինչպես դա եղավ Բաղրամյանի ցույցերի օրերին (ի դեպ՝ կրկին Սեֆիլյանականների գործուն մասնակցությամբ)։

Կարծում եմ, որ չի կարելի ասել, որ սա բեմադրված ներկայացում էր, ինչպես նաև իշխանության ծրագրած իմիտացիա, բայց մի բանում վստահ եմ․ սրանից միայն իշխանություններն են շահելու ու դա լինելու է օբյեկտիվ պրոցեսս, քանի որ քաղաքականությունն ու զինված ապստամբությունները դիլետանտների բանը չեն։