Հայաստանյան ընդդիմության երկարամյա թերություններից մեկը նրանց ամբիցիոզության ծայրահեղականությունն ու ճկունության ի սպառ բացակայությունն է։ Բոլոր քաղաքական միավորները, որոնք երբևէ հավակնել են իշխանափոխության, առաջնորդվել են «ամեն ինչ, կամ ոչինչ» հայեցակարգով, որը ենթադրում է, որ իրենք ուշադրություն չեն դարձնում «մանր-մունր» ընտրություններին ու ողջ շեշտը դնում են Նախագահական ու Խորհրդարանական ընտրությունների վրա։ Իբր, դրանցում հաղթելուց հետո, արդեն մնացածն էլ իրենցով կանեն։
Դրա համար էլ միակ բանը, որ հաստատուն է եղել Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ դա ընդդիմադիր ուժերի անխուսափելի թուլացումն ու կազմալուծումն է։ Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ կարելի է անսպասելի ու սպոնտան իշխանափոխություն անել։ Դա չեն կարող անել ոչ լեգիտիմ, ոչ էլ փողոցային տարբերակով, որովհետև նախ քաղաքական համակարգն է վերջնականապես ձևավորվել, երկրորդն էլ՝ դրսից պարզապես թույլ չեն տա նման սցենար։
Մյուս կողմից, հասկանալի է, որ գործող համակարգում իշխանությունը երբեք ու ոչ մի պարագայում թույլ չի տա իշխանափոխություն, այն էլ սպոնտան ու ընտրությունների միջոցով։ Սա բերում է նրան, որ ընդդիմադիրները ժողովրդին տարիներ շարունակ խոստանում են, որ հեսա կտապալեն ռեժիմը, կհաղթեն, իշխանության կգան, իսկ գործնականում աստիճանաբար թուլանում ու կորցնում են էլեկտորատի վստահությունը։
Ներկայումս, ընդդիմադիր դաշտի միայն մի քանի կուսակցություն է քիչ թե շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերում ՏԻՄ ընտրություններին։ Մնացածն էլ կամ հավես չունեն, կամ էլ համարում են, որ այդպիսի «մանր» ընտրական իրադարձությունն արժանի չէ իրենց մեսսիական ուշադրությանը։ Արդյունքում՝ ավելի են թուլանում, որովհետև իշխանությունները կարողանում են վերահսկել հանրապետության ամբողջ տարածքը, իսկ իրենք միայն Երևանի կենտրոնական փողոցներով են բավարարվում։
Իշխանափոխություն ասվածը շատ ծայրահեղացվեց այս տարիների ընթացքում։ Այն կարելի է փոխել, անհնարին բան չկա։ Պարզապես Հայաստանում ավելի իրատեսական է էվոլյուցիոն տարբերակը, ոչ թե ռեվոլյուցիոնը, իսկ դրա համար պետք է ներքևից ինտեգրվել պետական համակարգին ու փորձել առողջացնել այն, իսկ այդ ինտեգրման համար առնվազն պետք է մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու պայքարել ամեն սանտիմետրի համար։
No comments:
Post a Comment