Երկար տարիներ Արցախում ռազմաքաղաքական քարոզչության հիմնական պատասխանատուն Սենոր Հասրաթյանն է, ով նաև ՊԲ մամուլի քարտուղարն է։ Նա երկար տարիներ գրքեր, հոդվածներ ու հաղորդաշարերի սցենարներ է հեղինակում և թվում է թե ինչ է եղել որ, թող հեղինակի, սակայն մի շարք նյուանսներ կան «սենորհասրաթյանականության» մեջ, որոնք գնալով ավելի վտանգավոր են դառնում և այն, ինչ կոչված է ամրացնելու մեր հասարակության բարոյահոգեբանական տրամադրվածությունը, կարող է ճիշտ հակառակ արդյունք տալ։
Բանն այն է, որ Սենոր Հասրաթյանն ու նրա «աշակերտները» անհեթեթության աստիճան պաթոս են կիրառում։ Նույնիսկ սովորական շարային վարժանքը նրանք այնպիսի պաթետիկ տոնայնությամբ ու բառապաշարով են ներկայացնում, որ 60-ականների խորհրդային զամպոլիտների բերանները բաց կմնար։ Նայեք «Գոյամարտ» վավերագրական շարքը, դիտեք ՊԲ առաջնագծից արցախյան ցանկացած ռեպորտաժ, կարդացեք «Հայ զինվոր» ու կհասկանաք, որ այս քարոզչական ոճը ժամանակից մի 50 տարի հետ է մնացել։
Մյուս խնդիրը կայանում է, որ Հասրաթյանը նախ սիրում է բստրել ու ուռճացնել, ինչը գուցե նորմալ է քարոզչությունում, պայմանով, եթե այդ անճշտությունները հերքելը դժվար չէ, բայց խնդիրը հենց նրանում է, որ հասրաթյանիզմը ոչ միայն կարող է երբեմն մրցակցել ադրբեջանական քարոզչամեքենայի անհեթեթ ստերի ու երևակայության գոհարների հետ, այլև հաճախ հենց իրենք էլ կարող են հերքել ավելի վաղ իրենց բստրածը, կամ ճիշտ ասածը։
Այդպիսի մի օրինակ էր օրերս Մովսես Հակոբյանի մասնակցությամբ սկանդալային դեպքը, երբ նա իսկական սենորհասրաթյանական ոգով տոգորված պատմում է Եղինիկների հայտնի դիվերսիայի մասին, երբ մեր տղաներից 5-ը զոհվեցին ու սկզբում նա հայտարարում է, որ նրանցից 4-ը զոհվել էին միանգամից, իսկ մնացածը մարտն ընդունելով հետ էին շպրտեկ հատուկ նշանակայիններին, իսկ նրա ելույթից անմիջապես հետո ցուցադրված տեսաֆիլմում լրիվ այլ բան է պատմվում, համաձայն որի, տղաներից միայն 1-ն է տեղում զոհվել, իսկ մնացածը շարունակել են մարտը մինչև գիտակցությունը կորցնելը։
Նույնն էլ Նորայր Քամալյանի պատմության հետ եղավ, երբ ԼՂՀ հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը կարող էր հավակնել պոետիկ մրցույթի՝ բառապաշարի իմաստով, իսկ արժանահավատության ու փաստերի աղավաղման իմաստով՝ պետք է պատճառ հանդիսանար պաշտոնանկությունների համար։
Ու եթե ոտքի վրա են այսպսի անճշտություններ անում, բա որ կռիվը սկսի սրանք ի՞նչ են անելու։ Ախր պետք է կադրերի փոփոխություն անել, առավել ևս, որ ակնհայտ է, որ արցախյան քարոզչական համակարգում կարծես թե մոռացել են, որ պատերազմի դադարից 22 տարի անց տեխնոլոգիաներն ու այդ տեխնոլոգիաների տիրապետումը այնքան է առաջ գնացել, որ ամեն նման հիմար սայթաքում կարող է կայծակնային արագությամբ տարածվել, ինչը մեր դեմ կկիրառվի ու այդ ժամանակ չեն փրկի ոչ պաթոսային ու պոետիկ լեզուն, ոչ էլ նոր անճշտությունները։
Ամենամեծ վտանգը, որը պարունակում է սենորհասրաթյանությունը, դա այն վստահության կորուստն է առ մեր բանակ ու մեր պաշտոնական լրատվություն՝ բանակի վերաբերյալ, որը ստեղծվել է այդքան մեծ ջանքերով։
Հ․Գ․ Սենոր Հասրաթյանն այս հոդվածում զուտ հավաքական կերպար է, որը հայտնի չէ, թե որքան դերակատարություն ունի նկարագրածս երևույթում, բայց եթե նրա դերակատարությունը հարաբերական է, ապա երևույթի վնասակարությունն ակնհայտ է ու տագնապային։
No comments:
Post a Comment