Վերջին ամիսները մի տեսակ գերհագեցած էին իրադարձություններով։ Ամեն տարի չէ, որ մի քանի ամսվա կտրվածքում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե է լինում, իսկ կարճ ժամանակ անց՝ պատերազմական ակտիվ գործողություններ են սկսում ծավալվել։ Արդյունքում, հանրության ողջ ուշադրությունը սևեռվում է կոնկրետ մի քանի թեմաների վրա, իսկ նույն այդ հանրության կենսագործունեության բնականոն ընթացքի համար առանցքային նշանակություն ունեցող որոշակի ոլորտներ մի տեսակ ստվերվում են։
Այս պատերազմը մերկացրեց հայկական պետության բազմաթիվ խնդիրներ, և այսօր կարելի է փաստել, որ ամենասուր և օրհասական խնդիրները կայանում են համակարգային կոռումպացվածության, ինչպես նաև արդարության ու արդարադատության նկատմամբ վստահության բացակայության մեջ։ Դրա համար օրվա հրամայականն է, որպեսզի հանրությունն ու մամուլը իրենց սևեռուն հայացքների ներքո պահեն ցանկացած պետության համար կարևորագույն այնպիսի օղակը, ինչպիսին դատական համակարգն է, և հատկապես դրա թերևս ամենազդեցիկ ու քաղաքացու կյանքում առավել շատ նշանակություն ունեցող սեգմենտը՝ Վճռաբեկ դատարանը։
Նոր իրականությունը նոր հրամայականներ է թելադրում։ Մեր երկրի պետական համակարգը պետք է արմատական ռեֆորմների ենթարկվի, իսկ դատական համակարգն, ինչպես գիտենք, իշխանության հիմնական ճյուղերից մեկն է։ Լիահույս եմ, որ այս նոր իրականություն գիտակցում են նաև դատական համակարգում, ու հատուկ շեշտեմ՝ Վճռաբեկ դատարանում։ Նոր Հայաստանում այլևս չպետք է լինի այնպես, որ քաղաքացին վստահ լինի, որ արդարություն չկա, իսկ իր նկատմամբ տեղ գտած անարդար դատավճիռը չի կարող չեղարկվել Վճռաբեկում, այն էլ՝ անվճար ու առանց թիկունք։ Հանցագործն ու իրավախախտն էլ իր հերթին պետք է վստահ լինի, որ անկախ նրանից, թե որքան փող ու ինչ թիկունք ունենա, եթե նա մեղավոր է և ստորին պալատներում նրա մեղքն ապացուցվել է, նա չի կարողանա իր հարցերը լուծել վերին պալատներում ու հատկապես Վճռաբեկում, քանի որ Վճռաբեկը պետք է դառնա արդարության ու արդարադատության պաշտպանության վերջին պաշտպանական գիծը։ Տեսնենք, թե որքանով է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ի զորու պատվով դուրս գալու այս տեսլականը կյանքի կոչելու հարցի տակից։
No comments:
Post a Comment