Եթե ուշադիր հետևեք ՀԷՑ-ի ներսում շարունակվող արմատական փոփոխությունների մասին լուրերին, դա ձեզ բավականին մեծ լավատեսություն կարող է ներշնչել։ Տպավորություն է, որ Սամվել Կարապետյանն իրոք ձեռնամուխ է եղել ՀԷՑ-ը կորուստներով աշխատող բալլաստից վերածել եթե ոչ եկամտաբեր, ապա գոնե առանց վնասի աշխատող արդյունավետ կառույցի։
Ինչպես և հայտարարվել էր, հիմա տարվում են ընկերության ծախսերը կրճատելու ուղղված աշխատանքներ, որն արտահայտվում է բաժանմունքների միավորումով, կադրային կրճատումներով ու վերանշանակումներով, հաշվիչների փոփոխություններով և կարելի է ասել՝ ընկերության ամբողջական ռեստրուկտուրիզացիայով։
Ակնհայտ է, որ ընկերությունը տարիներ շարունակ խիստ անարդյունավետ մենեջմենթ է ունեցել ու հակատրամաբանական կադրային քաղաքականություն է վարել՝ կուտակելով հարյուրավոր իրար կրկնող հաստիքներ և չկարողանալով արդյունավետ տնօրինել դրանք։ Բնականաբար, սա ոչ միայն նվազեցնում է մատուցված ծառայությունների որակը, այլև հավելյալ ծախսեր է առաջացնում՝ աշխատավարձերի տեսքով։
Ընդ որում, ուշագրավն այն է, որ կրճատումների ու վերանշանակումների հիմնական թիրախն ընկերության ղեկավար օղակն է, այլ ոչ թե հասարակ տեսուչներն ու վարորդները։ Սա արդեն իսկ խոստումնալից է, սակայն ինչպես բազմիցս է նշվել, ընկերությունը վարկային փոսից ու անիմաստ ծախսերից հանելու համար միայն կադրային սեկվեստորն ու վերադասավորումը բավարար չեն։ Վնասների բերող առաջնային պատճառները էներգիայի կորուստներն են, որոնք մեծապես հետևանք են մաշված ենթակառուցվածքի և ընկերությունում տարիներ շարունակ ծաղկող կոռուպցիոն ու վնասարար գործելոճը, առնաց որոնց վերացնելու, անհնար է հասնել ընկերության արդյունավետության։
No comments:
Post a Comment