Sunday, April 23, 2017

Ադրբեջանում ТНТ-ի հեռարձակումն արգելելը հակահայկական հիստերիայի հերթական դրսևորումն է

Картинки по запросу արթուր ջանիբեկյանԱդրբեջանում կաբելային հեռսուստատեսության օպերատորները դադարեցրել են ТНТ և ТНТ4 ալիքների հեռարձակումը։ Պատճառը նրանում է, որ մեր հարևան հանճարները համարել են, որ Արթուր Ջանիբեկյանի տնօրինության տակ գտնվող այդ հեռուստաալիքները Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզչություն են անում, և այժմ այս երկու ալիքների փոխարեն հեռարձակվում են թուրքական ալիքներ։

Իրականում, այս ամենը բավականին զավեշտալի ու անհեթեթ է, որովհետև ադրբեջանցիների մոտ արդեն որերորդ անգամ նկատվում է «տոռմուզության» ակնառու դրսևորում։ Եթե Ցեղասպանության ճանաչման քարոզն այդքան մեծ խնդիր էր, ապա մնում է տարակուսել, թե ինչու միայն հիմա դադարեցվեց հեռուստաալիքների հեռարձակումը։ Չէ՞ որ երկու օր առաջ եթեր մտած դրվագը, որտեղ Պավել Վոլյան «Խոստումը» ֆիլմի մասին էր խոսում, ոչ միակ, ոչ էլ եզակի դրսևորում էր՝ Ջանիբեկյանի մեդիաներում հայկական թեմատիկայի արծարծման մասով։ Անցած տարի էլ Ցեղասպանության տարելիցի օրերին Ջանիբեկյանի ալիքներում հայկական թեմատիկան ակտիվորեն շրջանառվում էր, դե իսկ 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյակին, բոլորս էլ հիշում ենք ինչ լրջագույն աշխատանք էր տարվել․ պատրաստվել էին մի փայլուն վավերագրական ֆիլմ, ինչպես նաև ТНТ-ի աստղերի մասնակցությամբ հոլովակ, որտեղ ոչ միայն հայ, այլև ամենատարբեր ազգություն ունեցող աստղերը խոսում էին Հայոց ցեղասպանությունից։
Картинки по запросу արթուր ջանիբեկյան

Ուստի զարմանալի է, թե ինչը փոխվեց 2017 թվականին․ այդ ի՞նչ է արվել այս տարի, որ չի արվել նախորդ տարիներին։ Հարցը Ցեղասպանության թեմայի արծարծո՞ւմն էր։ Ո՛չ իհարկե, որովհետև ինչպես արդեն նշվեց, նախորդ տարիներին շատ ավելի հզոր արշավներ են ձեռնարկվել այս հարցով։ Այդ դեպքում գուցե հայական գործո՞նն է։ Չէ՞ որ Ջանիբեկյանի տնօրինության տակ գտնվող բոլոր ալիքներում հայկական թեմատիկան միշտ ակտիվ է՝ սկսած հայերի համար ակտուալ կոնտենտից, վերջացրած այդ ալիքների հայազգի աստղերով (Արարատ Քեշչյան, Նատալի Եփրիկյան, Գարիկ Մարտիրոսյան և այլն) ու պերսոնալով։ Բայց սա էլ է անհեթեթ, որովհետև այն ամենը նախկինում էլ կար ու պակաս ակնառու չէր։ Գուցե խնդիրը հենց Ջանիբեկյանի կերպարի մեջ է ու Ադրբեջանում իրենց տեղը չեն գտնում այն գաղափարից, որ Ռուսաստանի հեռուստատեսության մի զգալի սեգմենտ կառավարվում է հայի կողմից, ում համար հայ լինելը միայն գենետիկական առանձնահատկություն չէ և ոչ միայն չի ամաչում հայ լինելուց, այլ ակտիվորեն զբաղվում է հայանպաստ գործունեությամբ։ Բայց կրկին անգամ, մի՞թե Ջանիբեկյանը միայն այս տարի դարձավ Ջանիբեկյան․․․


Մի խոսքով, ոչ մի ռացիոնալ բացատրություն գտնել չի ստացվում։ Անգամ այս արգելքը ռացիոնալ ու տրամաբանական չէ։ Ի վերջո, եթե վերը նշված բոլոր գործոնները ակտուալ էին ու անպայմանորեն պետք էր դադարեցնել Ջանիբեկյանի ալիքների հեռարձակումը, ապա ինչո՞ւ միայն TНТ և ТНТ4 ալիքներն անջատեցին, բայց թողեցին Пятница, ТВ3 և Газпром Медия-ի մեջ մտնող մյուս ալիքների հեռարձակումը։ Չէ՞ որ վերոնշյալ գործոնները նույնքան ակտուալ են նաև Ջանիբեկյանի կողմից տնօրինվող մյուս ալինքերում։

Կարծում եմ, որ ակնհայտ է, որ ադրբեջանցիները հերթական հիստերիկ արգելքով կրկին ցույց են տալիս, թե ինչ ցածր պրոֆեսիոնալիզմի ու աղքատիկ երևակայության տեր են այն մարդիք, ովքեր այդ երկրում զբաղվում են քարոզչությամբ ու ներքին տեղեկատվական դաշտի կարգավորմամբ։ Ինչ վերաբերվում է Ցեղասպանությանն ու «Խոստում» ֆիլմին, ապա մնում է շնորհակալություն հայտնել ադրբեջանցի հանճարներին, որովհետև ավելի հնչեղ փիառի տարբերակ մոգոնել հնարավոր չէր։ 

No comments:

Post a Comment