Wednesday, February 17, 2016

Միհրան Ծառուկյանն իր վերջին հոլովակով ապացուցեց, որ ինքը Լիլիթ Հովհաննիսյանի տղա տարբերակն է (Video)

Դախության ու անճաշակության հաղթարշավը մեր շոու բիզնեսում շարունակվում է ու ես ինձ համար վերջնականապես բացահայտեցի, որ Լիլիթ Հովհաննիսյանը ունի երկվորյակ։ Առնվազն՝ հոգևոր երկվորյակ, ով ստեղծում է ճիշտ նույն աղբը, ինչ Լիլիթը, բայց Լիլիթից տարբերվում է երկու բանով․ տղամարդ է ու Վահրամ Պետրոսյանի հետ ամուսնացած չէ (համենայն դեպս՝ առայժմ)․․․

Դուք իհարկե հասկացաք, որ խոսքը Միհրան Ծառուկյանի մասին է, ով իր «Ты моя» կլկլոցների սիմֆոնիայով մարտահրավեր է նետել Լիլիթին ու մի քիչ էլ Արտաշ Ասատրյանին։ Ու եթե Արտաշի հարցում թեթև պլագիատի պահ կա (հիշո՞ւմ եք «Любимая, радость моя, քո սիրած երգիչը հայ ա»․․․), ապա Լիլիթի հետ համեմատականը պարզապես աչք է ծակում։ Չէ, իհարկե մեր Միհրան Ծառուկյանը ինչ որ նեգռ տղերքի հետ կիսամերկ չի պարում, ոչ էլ փորձում է Բիյոնսեին նմանակել։ Ավելին, ի տարբերություն Լիլիթի, Միհրանն ունի մի ակնառու առանձնահտկություն՝ տիրապետում է «Դախ գերանը պարահրապարակում» խորեոգրաֆիկ ոճին, բայց այսքանով հանդերձ, «Tы моя»-ն նայելիս անընդհատ սպասում ես, որ հեսա ուր որ ա Լիլիթը դուրս կգա ու կսկսի ձայնակցել Միհրանին։

Պատճառը նրանում է, որ Լիլիթն ու Միհրանը իրոք շատ նման աշխատելաոճ ունեն ու նույն թիրախային լսարանը։ Այսինքն, աշխատելաոճ ասելով, պետք է հասկանանք հետևյալը․ բաղաձայն կատարումներ, որտեղ անպայման պետք է կլկլոցներ ու մելիզմներ լինեն, պրիմիտիվ լիրիկայով երգեր, թանկարժեք տեսահոլովակ ու աբսուրդային աններդաշնակություն այս բաղադրիչների միջև։ Դե թիրախային լսարանն էլ՝ կիսագրագետ ու որպես կանոն անչափահաս աղջիկներ, ովքեր իրենց կյանքում ամենաերկար բանը, որ կարդացել են՝ Միհրանի ու Լիլիթի հոլովակների վերնագրերն են, իսկ գեղեցիկի ու արվեստի մասին պատկերացումները տեղավորվում են Միհրանի դեմքի ու Լիլիթի ոտքերի գեղագիտական սահմաններում։


No comments:

Post a Comment