Saturday, October 15, 2016

Ռուսերեն լեզվի դեմ արշավը ոչ թե հայրենասիրության, քայլ քաղքենիության դրսևորում է

Картинки по запросу Լևոն ԱլթունյանՎերջին 10 օրերին առավել հաճախ քննարկվող թեմաներից մեկը կապված է ռուսերենի իմացության հետ։ Նախ, ակտիվորեն սկսեց շրջանառվել այն հարցը, որ Առողջապահության նորանշանակ նախարարն իբր պարտադրում է նախարարության աշխատակիցներին իմանալ ռուսերեն ու ինքն էլ ռուսախոս է, իսկ այսօրվա մեյնսթրիմ թեմաներից մեկն էլ Արա Աբրահամյանի ելույթն է իր իսկ կազմակերպած տնտեսական ֆորումում, որտեղ նա՝ ի տարբերություն այլ ելույթ ունեցողների, խոսել է հայերեն։

Տիկնայք և պարոնայք, ռուսերեն ու ցանկացած լեզվի դեմ արշավը ոչ մի աղերս չունի հայրենասիրության հետ։ Ընդհակառակը, որպես կանոն, դա լոկ քաղաքենիության ու տնական ֆաշիզմի դրսևորում է։ Ավելի առարկայական լինելու համար, քննարկենք վերոնշյալ օրինակները։

Արա Աբրահամյանը հայերեն է ելույթ ունեցել (եթե դա իհարկե կարելի է հայերեն կոչել), որովհետև ռուսերեն չի կարողացել։ Գիտենք նրա ռուսերենի իմացությունն էլ, հայերենինն էլ։ Դրա մեջ հայրենասիրական պոռթկում տեսնելը ծիծաղելի է, իսկ ռուսական կայսերապաշտության դեմ տարված միկրոհաղթանակ տեսնելը՝ աբսուրդ։

Առողջապահության նախարարի մասով էլ կարող եմ ասել, որ եթե դա համապատասխանում է իրականությանը ու նա առողջապահության նախարարության աշխատակիցներից ու նամանավանդ բժիշկներից ակնկալում է ռուսերենի իմացություն, ապա դա միանգամայն ճիշտ է կոնկրետ տվյալ ոլորտի համար։ Ես դժվարանում եմ պատկերացնել Հայաստանում ծնված, մեծացած ու բժշկական կրթություն ստացած մասնագետը ինչպես կարող է լինել լավ մասնագետ՝ չտիրապետելով ռուսաց լեզվին։ Չէ՞ որ մասնագիտական գրականության մի հսկայական մաս պարզապես չկա հայերենով ու բժիշկը պետք է տիրապետի ռուսերենի էլ, անգլերենի էլ, որպեսզի կարողանա լավ մասնագետ դառնալ։ Փոխարենը, պետք է անհանգստանալ, որ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոչ մի դատապարտելի բան չի տեսնում բուժաշխատակիցներին կոնյակ-բամբաներկա-փող տալու երևույթի մեջ ու չի համարում դա կոռուպցիոն դրսևորում։

Ընդհանրապես, տիկնայք ու պարոնայք, այլ լեզուների դեմ հիստեիկ դրսևորումները գավառամտության ու քաղքենիության դրսևորումներ են։ Սեփական լեզվի բարօրության համար ոչ թե այլ լեզուներն ու դրանց կիրառությունն է պետք սահմանափակել, այլ սեփական լեզուն հարստացնել։

Wednesday, October 12, 2016

Չոռնի Գագոյին արդեն իսկ Հյուսիս-Հարավի գործով պետք է դատել

Картинки по запросу Գագիկ ԲեգլարյանԻշխանության բարձրաստիճան օղակներում սրբեր չկան։ Յուրացումների, գողության, մեքենայությունների ու կոռուպցիայի մեջ կարելի է կասկածել գրեթե ցանկացած պետպաշտոնյայի, բայց քչերին է հաջողվում ձեռքից բռնել օրինախախտումների ժամանակ։ Էլ ավելի հազվադեպ է լինում, երբ այդ դրվագների մանրամասները հայտնի են դառնում լայն լսարանին։ Չոռնի Գագոն հենց այդ եզակի դեպքերից է փաստորեն։

Մի կողմ դնենք նրա մութ անցյալը և տարատեսակ հերոսությունները, որոնք բազմիցս քննարկվել են նախկինում։ Մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ ՊԵԿ-ը կոպիտ խախտումներ է հայտնաբերել «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն» իսպանական ընկերության հայաստանյան մասնաճյուղում, որոնց համար 2,6 միլիարդ դրամանոց ակտ է կազմվել և լրացուցիչ գանձնման է սահմանվել շուրջ 1 միլիարդ դրամ։ Այս ընկերությունը զբաղվում է Հյուսիս-Հարավի շինարարությամբ, որի ընթացքը առանց այն էլ մեծ հարցեր է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ արդեն շուրջ 600 միլիոն դոլար է ծախսվել, իսկ կառուցվել է ճանապարհի միայն չնչին մասը։

Հիշեցնեմ նաև, որ Չոռնին նախարար է նշանակվել 2012 թվականին ու մի տեսակ լուրջ էլ չի քննարկել, թե նախկինների մեղավորությունը որքան է, որովհետև 4 տարին առավե քան բավարար ժամանակ էր, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպեր այս պրոյեկտի ընթացքը։ Մինչդեռ, եթե հավատանք մամուլում շրջանառվող խոսակցություններին, ապա Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնող գրեթե բոլոր ընկերությունները, այդ թվում նաև «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն»-ը այս կամ այն կերպ կապ ունեն մեր փառապանծ նախարարի հետ։ Ավելին ասեմ․ նման ընկերությունները, որոնք անուղղակի հանդիսանում են նրա սեփականությունը, այնքան շատ են, որ ըստ նախարարության աշխատակիցների, Չոռնին նախարար եղած ողջ ընթացքում նախարարությունում ամեն օր առավելապես զբաղված էր իր բիզնես կայսրության կառավարմամբ, ոչ թե իր անմիջական պարտականություններով։

Ու հիմա, փաստացի ունենք իրավիճակ, երբ Չոռնու ձեռքից բռնել են գողության վրա։ Այսքան խոսվում է ռեֆորմների և վերաիմաստավորման մասին։ Մի՞թե հնարավոր է գտնել ավելի հարմար «մատաղացու», որպեսզի բոլոր այդ խոսակցություններին ու բարի նպատակներին հնարավոր լինի հավատալ։ Թե՞ այս անգամ էլ Չոռնին ջրից չոր դուրս կգա, եթե չասենք, որ մոտ հեռանկարում կրկին բարձր պետական պաշտոնի կանցնի։ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։ 

Tuesday, October 11, 2016

Անառակ Դալլաքյանի վերադարձը․ երբ «մարած աբլիգացիաները» չեն ուզում համակերպվել իրականության հետ

Картинки по запросу դալլաքյանՎիկտոր Դալլաքյանը դուրս եկավ ՀՀԿ-ից։ Արդեն քանի օր է լուրեր էին շրջանառվում, որ նա անելու է դա ու վերստին ստանձնելու է ընդդիմադիրի դերը։ Նույնիսկ սեփական կուսակցությունն է հիմնելու՝ «Շրջադարձ»։ Ասում են, թե Սեյրան Օհանյանն էլ է միանալու նրան։ Օհանյանի մասին չգիտեմ, առանձին քննարկման թեմա է, իսկ այ Դալլաքյանի մասով հստակ դիրքորոշում ունեմ։

Դալլաքյանը «մարած աբլիգացիա»-ի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչ է, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին բնորոշել՝ հաճախորդ։ Սա հասկանում եմ ես, սա հասկանում են քաղաքական դաշտի ներկայացուցիչները, սա հասկանում են մարդիկ։ Կարծես թե միայն Դալլաքյանն է, որ չի հասկանում ու կարծում է, որ թարթիչի՝ моргатель-ի պես դիմության և ընդդիմության ռեժիմի անցնելը աննկատ կմնա ու կվրիպի քաղաքացու ուշադրությունից։

Մինչդեռ, բոլորս էլ լավ ենք հիշում, որ ժամանակին խրոխտ ընդդիմադիր ու ռեժիմի երդվյալ թշնամի Դալլաքյանը շատ սիրուն հպատակեցվեց ու նույնիսկ նախագահի վստահված անձի ու պաշտոնական ներկայացուցչի տիտղոսների արժանեցվեց։ Հենց դրա համար էլ խորհրդարանական վերջին ընտրություններին ջախջաիչ պարտություն կրեց գրեթե անհայտ Էդմոն Մարուքյանից։ Ի՞նչն է հիմա հույս ներշնչում Վիկտոր Դալլաքյանին, որ «անառակ որդու վերադարձը» օպերացիան հաջողությամբ կպսակվի։

Կասկածներո ունեմ, որ մի կողմից նա հույսը դրել է ՕԵԿ-ի անսպասելի հաջողության վրա, իսկ մյուս կողմից էլ նա հույս ունի իր թիմ ներգրավել հեղինակություն ունեցող գործիչների (ու այս պարագայում արժանահավատ են թվում Սեյրան Օհանյանի մասին խոսակցությունները), բայց Դալլաքյանը, ըստ իս, հաշվի չի առել, որ նա չունի ո՛չ ֆինանսառեսուրսային այն հնարավորությունները, որն ունի նույն ՕԵԿ-ը (այդ թվում նաև թաղային հեղինակությունների աջակցության առումով), ոչ էլ Օհանյանն է այժմ իր ռեյթինգի բարձրունքում։ Էլ չխոսենք այն մասին, որ լինի դա Օհանյանը, թե ցանկացած այլ մեկը, Դալլաքյանի հետ մի մակույկը նստելը ոչ թե Դալլաքյանի կերպարը կհզորացնի թիմակիցի հեղինակության հաշվին, այլ ճիշտ հակառակը՝ թիմակցի հեղինակությունը գետնով կտա՝ Դալլաքյանի անփառունակ կերպարի պատճառով։

Այնպես որ, Դալլաքյանը պետք է հասկանա, որ «մարած աբլիգացիաները» ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ նրանք մարած էլ մնում են․․․

Monday, October 10, 2016

Դաշնակները շարունակում են քաղաքական մարմնավաճառությունը, իսկ ՕԵԿ-ը ռեաբիլիտացվելու բացառիկ հնարավորություն ունի

Картинки по запросу ՕԵԿ ՀՅԴԱռավել քան ուշագրավ զարգացումներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում ու այդ զարգացումները հասել են իրենց գագաթնակետին Վանաձորի ու Գյումրու քաղաքապետերի ընտրությունների կոնտեքստում։ Ընդ որում, ամենաուշագրավը ՕԵԿ-ի անսպասելի հաջողությունն էր ընտրություններին և ամենաինտրիգային հարցը նրանում է, թե որքանով հետևողական կլինեն ընդդիմացման հարցում։

Մյուս կողմից, ամբողջապես պատռվեց ՀՅԴ-ի դիմակը, որը այնպիսի անպարկեշտ կեցվածք է ընդունել, որ քաղաքական մարմնավաառություն եզրույթը նույնիսկ կոմպլիմենտ կարելի է համարել։ Հիշեցնեմ, որ Գյումրիում ու Վանաձորում դաշնակները անվերապահորեն սատարում են ՀՀԿ-ին և դա այն պարագայում, երբ առաջին անգամ վերջին տարինրի ընթացքում հնարավոր է եղել տեղերում ստեղծել ընդդիմության լայն դաշինք։ Չնայած, ուրիշ ճար էլ չունեն դաշնակները, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ առանց ՀՀԿ-ի աջակցության դաշնակները ոչ մի շանս չունեն նոր խորհրդարանում հայտնվելու ու դրա համար էլ ամբողջական հպատակեցման տրամաբանությունը հասկանալի է։ Տրամաբանությունը, բայց ոչ բարոյականությունը, որովհետև բարոյական ոչինչ դաշնակների այս կեցվածքում չկա։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա սա լրջագույն շանս է նրանց համար։ Հարցը հավաքած քվեները չեն։ Հարցը նրանում է, որ հիմա ՕԵԿ-ը տկից չքցի Լուսավոր Հայաստանին ու գաղտնի քվեարկությամբ Վանաձորում երկու հավելյալ քվե չգնա ՀՀԿ-ի օգտին։ Եթե ՕԵԿ-ը դաչարեց, ապա լուրջ քայլ է վերստին վստահություն ձեռք բերելու մարդկանց մոտ։ Եթե չարեց․․․ դե եթե չարեց՝ մնալու է ՕԵԿ էլի։ Ողջ հարցը նրանում է, թե որքանով էր նրանց հաջողությունը պատահական և ինչ քաղաքական հեռանկարներ են տեսնում ՕԵԿ-ի առաջնորդներն իրենց համար։ 

Thursday, October 6, 2016

Լիդեր Հովոն ֆոտոսեսսիաներ անելու և ճկույթներ կտրելու փոխարեն, թող թաղապետարանի բարդակը վերացնի

Картинки по запросу լիդեր հովոԴժբախտություն ունեցա այցելել Արաբկիրի թաղապետարան։ Մի ապոկալիպտիկ տեսարան էր ինձ սպասվում այնտեղ։ Եղածը մի մեծ բան չէր, մեքենայիս տեխսպասարկման վճարումն էի ցանկանում կատարել ու այնպես չէր, որ շա՜տ ձգձգվեց։ Բայց․․․

Բայց սկսենք նրանից, որ թաղապետարանն ինձ մոտ կուրիլկայի տպավորություն թողեց։ Առաջին անգամ չէր, որ Արաբկիր համայնքի այս հաստատությունում էի, բայց առաջին անգամ էր՝ Լիդեր Հովոյի թաղապետ դառնալուց հետո։

Նախ, գրեթե բոլոր սենյակներում, որտեղ ես եղա՝ ծխում էին, կամ էլ լավագույն դեպքում արդեն ծխել պրծել էին։ Այդքան երկրորդական նիկոտինով մի հատ ձի էլ չէ, մի ամբողջ երամակ վարի կարելի է տալ։ Հետո, ինչ-որ խիստ շատ էին տարօրինակ նանարներն ու մորքուրները, ովքեր ոչ իրենց աշխատանքից էին խաբար, ոչ էլ գործառույթներից։ Փոխարենը, սիրով մանիկյուր էին անում, իրար հետ գյալաջի էին անում ու սրճում էին։ Հա, մեկ էլ երբեք չեմ մոռանա «ախպերավատ» լինող երիտասարդ աշխատակցին։ Տպավորություն էր, որ ինչ-որ միստիկ կերպար ինչքան ծանոթ-բարեկամ ունի բերել ու գործի է տեղավորել համայնքապետարանում՝ հույսով, որ մի օր կսովորեն էլի, թե ինչ պետք է անեն։

Ուստի, անդամախեղումների հակում ունեցող նորաթուխ թաղապետ Լիդեր Հովոյին հորդորում եմ լիդերություն ցուցաբերել ոչ միայն մականունային մակարդակում, այլ ռեալում և կարգի հրավիրել իրեն վստահված հաստատությունը, որպեսզի այն սկսի համապատասխանել տարրական սանիտարահիգիենիկ, բարեկրթության ու պրոֆեսիոնալ էթիկետի նորմերին։ Հասկանում եմ, որ դա կարող է որոշ ժամանակ խլել ֆոտոսեսսիաներից ու ֆոտոշոփային մանիուլյացիաներից, բայցևայնպես, կարծում եմ, որ թաղապետի պաշտոնում մնալու տեսլականը գեղեցկության պես մի բան է, որը որոշակի զոհեր է պահանջում։

Wednesday, July 27, 2016

Ես անտեսված մեծամասնության ներկայացուցիչն եմ

Դեռ երբեք մեր ազգաբնակչության մեծամասնությունն այսքան անտեսված չէր, որքան վերջին 11 օրերին։ Ես այդ մեծամասնությունից մեկն եմ։ Մեկը՝ ով գնալով ավելի նեղված է զգում իրեն ատելության ու անհանդուրժողականության միջավայրում։ Մեկը՝ ով ունի կարծիք տեղի ունեցողի շուրջ, բայց դժվարությամբ է վճռականություն գտնում իր մեջ արտահայտելու այն, որպեսզի չպիտակավորվի մարտնչող փոքրամասնությունների կողմից որպես «ահաբեկիչներին սատարող» կամ էլ «իծխանական ստրուկ»։ Մինչդեռ ես կամ, մենք կանք, բայց մեր կարծիքը փոքրամասնություններին հետաքրքիր չէ։

Սրանում մեղավոր են թե՛ իշխանությունները, թե՛ Սասնա Ծռերը։ Այդ նրանք են ստեղծել ու շիկացնում այս անմարդկային ատելության մթնոլորտը, այդ նրանք հասել եղբայրասպան դիլեմայի շեմին ու մեզ էլ իրենց հետ են քաշում։ Բայց ես չեմ ուզում, մենք չենք ուզում։ Սակայն ո՞վ է մեր կարծիքը հարցնում։

Իշխանությունների ու իշխանականների դիրքորոշումը պարզ է․ նրանք ահաբեկիչ են, նրանք մարդ են սպանել, նրանց պատանդներ են վերցրել ու նրանք հեղաշրջում են ուզում։ Եթե դու սատարում ես նրանց, դու ահաբեկիչների ես սատարում ու դուրս ես գալիս ոչ թե մեր, այլ պետականության դեմ։

Սասնա Ծռերի ճամբարի դիրքորոշումն էլ հստակ է․ նրանք պատերազմի մեծանուն հերոսներ են, նրանք հուսալքությունից են գնացել այս քայլին, իշխանությունները 25 տարի շարունակ ապացուցել են, որ բացի ուժից, այլ լեզու չեն հասկանում։ Եթե դու մեր հետ չես, ապա դու մեր դեմ ես։

Մինչդեռ, քանի՞սն են իշխանության ու իշխանականների ներկայացուցիչ։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Հնարավոր է։ Իսկ ինչքա՞ն է Սասնա Ծռերի կողմնակիցների քանակը։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Ամենայն հավանականությամբ։ Բա այդ դեպքում ո՞ւր են մնացած 2,9 միլիոն հայերը։ Նրանք ոչ խորենացու վրա են, ոչ էլ այլ փողոցում են պահանջում, որ Խորենացու վրա մարդ չլինի։ Նրանք ահաբեկված ու տագնապած այս ամենից, զարհուրում են եղբայրասպանության հեռանկարից ու սպասվող ցնցումներից։ Նրանք խուսափում են բարձրաձայնել իրենց խոհերը ու մտորումները, որովհետև թեև դրանք արտացոլում են մեծամասնության ԻՐԱԿԱՆ դիրքորոշումը այս հարցի շուրջ, բայց արձագանքում է այդ դիրքորոշումներին միայն ագրեսիվ փոքրամասնությունը։ Իսկ մեծամասնությունը լռում է ու չի սատարում։ Լավագույն դեպքում մի լայք է տալիս քեզ ու քաշվում իր անկյունը։

Իսկ իրականությունը հետևյալն է․ դուք՝ փոքրամասնություններդ, հասցրեցիք բանը եղբայրասպանության, դուք՝ փոքրամասնություններդ, մոռացաք, որ մենք ունենք իսկական թշնամի ու այդ թշնամին դրսում է՝ արևելքում և արևմուտքում, դուք՝ փոքրամասնություններդ, կոտրեցիք ու փշուր-փշուր արեցիք այն սակավաթիվ բաները, որ մեր երկրում դեռ չէինք անում, իսկ որ ամենավատն է՝ թշնամություն սերմանեցիք ու առատորեն ջրեցիք այն։

Ու դուք շարունակում եք սա՝ չցանկանալով սթափվելու ու հետևություններ անել։ Դուք՝ երկու բևեռներդ էլ խութերի վրա եք տանում այն նավը, որտեղ ոչ միայն դուք երկուսդ եք, այլև մենք՝ անտեսված մեծամասնության ներկայացուցիչներս։ Ու մենք ոչինչ չենք կարողանում անել, որպեսզի ողջամտության ձայնը հասցնենք երկուսիդ։ Ու դուք կկործանեք մեզ բոլորիս, եթե մի պահ կանգ չառնեք ու չանսաք մեր՝ անտեսված մեծամասնության ձայնին։

Sunday, July 17, 2016

Սեֆիլյանականների շնորհիվ իշանություններն էլ ավելի ուժեղացան

Ամեն չհաջողված ապստամբություն/զինված հեղաշրջման փորձ ուժեղացնում է տվյալ իշխանությանը, որովհետև հնարավորություն է տալիս լեգիտիմ ռեպրեսիաներ կիրառել և դիվիդենտներ քաղել՝ դրանք սահմանափակ ծավալներով իրականացնելով։ Սա իհարկե չեն հասկանում մոլորության ու ծայրահեղականության մեջ հայտնված ֆեյսբուքյան «պայքարող քաղաքացիները», բայց սա աքսիոմատիկ իրականություն է։

Սեֆիլյանականների արվածտը նույնիսկ ապստամբություն կոչել չի կարելի, որովհետև սա ֆարս էր, եթե նախատեսված էր միայն այս ակցիան։ Հնարավոր է, որ եղել է ավելի ծավալուն պլան ու ոստիկանության զորամասի գրավումը եղել է դրա մի մասը միայն։ Առավել ևս, որ Սեֆիլյանին ձերբակալելիս հաղորդեցին, որ նա ծրագրել էր գրավել հեռուստաաշտարակը։ Այս համատեքստում դեռ տրամաբանություն կար նաև զորամաս գրավելու մեջ, բայց միայն այս ակցիան անհեթեթություն է։

Արդեն պարզ է, որ այսօր կլինի, թե մի քանի օրից, բայց այս ահաբեկչական ակցիան ճնշվելու ու եթե պետք լինի՝ ուժային մեթոդով ու Պավլիկենք հայտնվելու են կամ ճաղերի հետևում, կամ էլ հողի մեջ։ Սակայն որքան ձգձգվի, այնքան ավելի շատ են օգտվելու այս իրավիճակից իշխանությունները, որովհետև կկարողանան լիարժեք փիառ ակցիա դարձնել այս ամենը, ինչպես դա եղավ Բաղրամյանի ցույցերի օրերին (ի դեպ՝ կրկին Սեֆիլյանականների գործուն մասնակցությամբ)։

Կարծում եմ, որ չի կարելի ասել, որ սա բեմադրված ներկայացում էր, ինչպես նաև իշխանության ծրագրած իմիտացիա, բայց մի բանում վստահ եմ․ սրանից միայն իշխանություններն են շահելու ու դա լինելու է օբյեկտիվ պրոցեսս, քանի որ քաղաքականությունն ու զինված ապստամբությունները դիլետանտների բանը չեն։